Անաղմուկ և ծանրակշիռ․ Երևանի հ․ 156 դպրոցը անվանակոչվեց արձակագիր Զորայր Խալափյանի անունով․ (լուսանկարներ)

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հ․ 156 դպրոցում տիրող տոնական տրամադրությունը այսօր նշանավորվեց մշակութային մեծ իրադարձությամբ․ դպրոցը մեծ հանդիսավորությամբ նշում էր գրող, արձակագիր, դրամատուրգ՝ Զորայր Խալափյանի անունը կրելու մեծ պատիվն ու պատվաբեր պատասխանատվությունը, որը ժառանգելու են կրթօջախի ապագա սաները։

Միջոցառումը մեկնարկեց Հայր սարկավագի օրհնության և երկնառաք պատգամի ներքո, որը նոր շնչով ու գրական ժառանգության պահպանման յուրահատուկ մոտիվացիայով պետք է ներարկի ոչ միայն դպրոցի սաներին, այլև ողջ հայ ժողովրդին՝ որպես խալափյանական գաղափարների ու մշակույթի կրող։

Դպրոցի անվանակոչման նախաձեռնող կողմը Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Արմենակ Դանիելյանն էր։ Խմբակցության անունից Մանուկ Սուքիասյանը իր խոսքում ընդգծեց կրթական նոր միջավայր ձևավորելուն միտված նախաձեռնության մշակութային պատասխանատվությունը և այդ միջավայրում գրական ժառանգության պահպանման կարևորությունը։

«Կրթօջախը Զորայր Խալափյանի անունով իրավական կարգավիճակ ստացել է սույն տարվա փետրվարին Երևանի ավագանու թիվ 294 Ա որոշմամբ, սակայն հանդիսավոր բացման արարողությունն իրականացվեց այսօր»,-ասաց դպրոցի տնօրեն՝ Արմինե Պետրոսյանը։ «Գրական ժառանգության պահպանումն ու փոխանցումը երիտասարդ սերնդին մեր առաջնահերթությունների ցանկում է։ Սա այն դեպքն է, որ սերտ կապ է ստեղծում գրական արժեքների և կրթօջախի միջև, ինչը, անշուշտ, նպաստելու է գրականության զարգացմանը»,-հավելեց նա։

Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության բաժնի պետի տեղակալ Նարինե Հարությունյանը բարձր գնահատեց դպրոցի սաների դերը այս փոփոխվող աշխարհում կայուն արժեքների պահպանման, մշակութաստեղծ միջավայրում նախաձեռնողականության և սովորելու ձգտման հանդեպ շարունակական պատրաստակամության գործում։

ՀՀ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կարևորեց սերունդների հիշողության մեջ հայ գրական ժառանգության ամրապնդումը։ «Մշակույթը հայ ինքնության պահպանման հենասյունն է, իսկ հայ գրականությունը մեկ օրվա սպառման համար չէ, այն հավերժ է ու շարունակական բնույթ է կրում նաև սերնդափոխության սուրբ պատասխանատվությամբ, որն այսօր ստանձնել են մեր երիտասարդները»,-ասաց նա։

Միջոցառման հանդիսավոր արարողակարգի մաս էր կազմել Զորայր Խալափյանի ստեղծագործությունների հիման վրա սաների բեմական ներկայացումները խաղարկային ժանրի էֆեկտով, որն ուղեկցվում էր փաստագրական տեսանյութերով՝ տիպական առանձնահատկություն հաղորդելով միջոցառմանը։ Դպրոցի սաների բազմաժանր ելույթներին զուգահեռ հնչեցին գրողի կյանքի ու ստեղծագործության վառ պահերն անմահացնող հուշեր՝ ինչպես իր՝ գրողի կողմից հնչեցրած, այնպես էլ ժամանակակիցների հուշերում անմահացած խոսքեր։

«Անաղմուկ և ծանրակշիռ»․ այս բառերն են բնութագրում Զորայր Խալափյանի ամբողջական կերպարը՝ նկարագրելով նրան որպես գրականության և ազգի նվիրյալ,- ասաց Է․ Միլիտոնյանը։ Նույն հատկանիշները մեծ գրողին վերագրելով՝ Խալափյանի համերկրացին նշեց վերջինիս հայրենասեր տեսակը, ով «Անաղմուկ մուտք գործեց գրականության աշխարհ, սակայն Ծանրակշիռ դեր ու ազդեցություն թողեց այնտեղ»։

«Ինձնից հետո էլի արև է լինելու»․ Զորայր Խալափյանի լավատեսական պատգամը յուրօրինակ կոչ է գալիք սերունդներին՝ վարակիչ ընթերցանությամբ ու գրչի պայքարով ելնելու ու լծվելու հայոց պետականաշինության սուրբ գործին։

Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի ավագանու անդամներ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀՀ գրողների միության նախագահն ու գրականագետներ, ինչպես նաև՝ Զորայր Խալափյանի ընտանիքի անդամներն ու ընկերները:

Զ․ Խալափյանը ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։ 1956 թվականին ավարտել է ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1956-1967 թվականներին որպես նախագծող ինժեներ աշխատել է Երևանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում։

1994-1996 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։
Խալափյանն արժանացել է Հայաստանի գրողների միության Դերենիկ Դեմիրճյանի անվան, ինչպես նաև Հայաստանի կառավարության և ՀԳՄ սահմանած «Հրանտ Մաթևոսյան» և «Ոսկե եղեգն» նախագահական մրցանակներին։
Նրան մեծ ճանաչում է բերել «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» (1966) վեպը։

Նրա «Թթենի» պատմվածքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031