2025 թվականի մայիսի 26-ին կայացած նիստի արդյունքներով Քրիստինե Մելքոնյանն ու Արա Շիրինյանը հաղթող են ճանաչվել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթում։ Այս մասին հայտնում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով մամուլի ծառայությունից:
Ժամանակավոր մրցութային հանձնաժողովը, ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 20-րդ մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով քվեարկության արդյունքները, կայացրել է համապատասխան որոշում, որը օրենքով սահմանված կարգով ներկայացվել է Հայաստանի Հանրապետության վարչապետին։
Քրիստինե Մելքոնյան
1999 թ․ ընդունվել է Երևանի Մենեջմենթի համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։ Հեռուստատեսությունում աշխատելուն զուգահեռ ստացել է լրագրության մագիստրոսի աստիճան։ Աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր տնտեսական բարեփոխումների կենտրոնում՝ որպես հեռուստառադիոփորձագետ, ինչպես նաև «Նոյան տապան» և «Ար» հեռուստաընկերություններում։ 2000-ից աշխատում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում՝ «Առաջին» լրատվական ծրագրի մեկնաբան։ 2009–2010 թթ․ դասավանդել է Տնտեսագիտական համալսարանում, 2022-ից՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 2023-ից Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարն է։
Արա Շիրինյան
Ավելի քան 20 տարի աշխատել է Հայաստանի պետական հեռուստատեսությունում որպես ռեժիսոր և պրոդյուսեր։ 2004–2018 թթ. ղեկավարել է «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ուղղությունը։ Դասավանդել է Երևանի պետական համալսարանում, եղել է բազմաթիվ փորձագիտական հանձնաժողովների անդամ, այդ թվում՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում։ Շիրինյանը համահիմնադրել է «Վերսուս» ֆիլմարտադրող ստուդիան և հեղինակ է մի շարք միջազգային մրցանակների արժանացած վավերագրական ֆիլմերի։ 2019–2025 թթ. եղել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ։