Պուտինը «լրիվ խելագարվել է», եթե նա փորձի գրավել ամբողջ Ուկրաինան, դա կհանգեցնի ՌԴ-ի կործանմանը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին։

Թրամփն ասել է, որ ինքը միշտ «շատ լավ հարաբերություններ» է ունեցել Պուտինի հետ, բայց «նրա հետ ինչ-որ բան է պատահել»։

«Նա լրիվ խելագարվել է: Նա անտեղի շատ մարդկանց է սպանում, և ես չեմ խոսում միայն զինվորների մասին: Ուկրաինայի քաղաքների ուղղությամբ հրթիռներ և անօդաչու սարքեր են արձակվում առանց որևէ ակնհայտ պատճառի», — գրել է ԱՄՆ նախագահը Truth սոցիալական ցանցում:

Թրամփը կարծում է, որ եթե Պուտինը ցանկանա գրավել ամբողջ Ուկրաինան, դա կհանգեցնի «Ռուսաստանի փլուզմանը, կործանմանը»:

Նույն գրառման մեջ ԱՄՆ նախագահը նշել է, որ դժգոհ է Զելենսկու հայտարարություններից, ով «ոչ մի լավ բան չի անում իր երկրի համար»։

«Այն ամենը, ինչ նա ասում է, խնդրահարույց է, ինձ դա դուր չի գալիս, և ես ավելի լավ է դադարեցնեմ դա», — հավելել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ հայտարարությունների մասին է խոսքը։

Մայիսի 25-ի գիշերը ռուսական զորքերը Ուկրաինայի տարածք են արձակել գրեթե 300 անօդաչու թռչող սարք և 70 հրթիռ։ Հարվածի է ենթարկվել 13 շրջան, հաղորդվել է 12 զոհի և մի քանի տասնյակ վիրավորների մասին։

Reuters-ի փոխանցմամբ՝ դա ռուսական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների ամենամեծ հարձակումն է եղել Ուկրաինայի տարածքում լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր։

ՌԴ պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ռուսական ութ շրջանների վրա։ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում խոցվել և որսացել են ուկրաինական 110 անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ 13-ը Մոսկվայի շրջանի վրայով:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղղաթիռը մայիսի 20-ին Կուրսկի շրջան կատարած այցի ժամանակ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակումը հետ մղելու գործողության էպիկենտրոնում է հայտնվել:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031