Էթնիկ զտումները հեռավոր սարսափներ չեն, դրանք տեղի են ունենում մեր աչքի առաջ, և մենք այն տեսել ենք. Միրզոյան

Ինչպես հայտնել ենք, մեկնարկել է «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումը, որին բացման խոսքով է հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Այս տարի ֆորումն անցկացվում է «Նավարկելով անհայտության միջով» խորագրով:

ՀՀ ԱԳ նախարարը նախ շնորհակալություն է հայտնել միջոցառմանը ներկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, Երևան ժամանած բարձրաստիճան հյուրերին և մյուսներին:

«Խորապես հպարտ ենք մեր մայրաքաղաքում ձեզ հյուրընկալելու այսպիսի համաժողովի շրջանակում, որը ձգտում է լինել ավելին, քան պարզապես համաժողով, հարթակ՝ մտորումների, համագործակցության և հեռանկարայնության համար:

Քիչ առաջ էկրանին դիտեցիք, թե ընդամենը երկու շաբաթ առաջ «Նավարկելով անհայտության միջով» վերնագրի ներքո ինչպես պատկերեցինք աշխարհը փոխող վերջին զարգացումներից մի քանիսը:

Ակնհայտ է, թե երկու շաբաթվա ընթացքում որքան թարմացումներ են անհրաժեշտ, քանի նոր՝ նշանակալի իրադարձություններ են տեղի ունեցել և դեռևս անհայտ է, թե ինչպես կզարգանան այդ իրադարձությունները վաղը»,- ասել է Միրզոյանը և նշել, որ թեև ականատես են դրական և քաջալերող զարգացումների, բայց զուգահեռ նկատելի է նաև, թե քանի պայմանավորվածության շուրջ է համաձայնություն ձեռք բերվել կամ չի բերվել:

Ըստ Միրզոյանի՝ այս տարվա թեման՝ «Նավարկելով անհայտության միջով», ուղղակիորեն արտացոլում է մեր ժամանակների ոգին:

«Աշխարհը ենթարկվում է սեյսմիկ փոփոխությունների՝ աշխարհաքաղաքականության, տնտեսության, տեխնոլոգիաների և կլիմայի առումներով: Ներկայիս փոթորկահույզ իրավիճակում ազգերը կորցնում են իրենց կողմնացույցը և այդ փոփոխությունների վերաբերյալ միայն մեկ բան է հաստատ՝ բոլորս գիտենք, որ այդ փոփոխությունների ձևավորած ուղին և վերջնական հանգրվանը շարունակում են բացարձակապես անհայտ մնալ:

Վերջին մի քանի տարիներին շատ ենք խոսել աշխարհում տեղի ունեցող անորոշությունների, անսովոր երևույթների և զարգացումների մասին, այնպիսի բաների մասին, որոնց դրսևորման հավանականությանը Երկրորդ աշխարհամարտից հետո ոչ ոք չէր կարող հավատալ:

Միջազգային իրավունքի սկզբունքները, այդ թվում՝ տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը, որոնք ժամանակին սրբազան էին համարվում, կորցրել են իրենց կշիռը: Այժմ դրանք թվում են պարզապես գեղեցիկ բառեր, որոնք ամրագրվել են հռչակագրերում ու կանոնադրություններում, սակայն ատ հաճախ՝ ապարդյուն:

Դաշինքները կորցնում են իրենց ամբողջականությունը, երբեմնի անսասան կապերը խարխլվում են:

Էթնիկ զտումները հեռավոր սարսափներ չեն, դրանք տեղի են ունենում մեր աչքի առաջ, և մենք դա տեսել ենք սեփական փորձով՝ մեր սահմաններին մոտ:

Տառապանքն Ուկրաինայում և Գազայում մեկուսի դեպքեր չեն: Դրանք նաև համակարգային ձախողումների արտացոլանքն են: Հիբրիդային պատերազմի երբեմնի ուրվականն այժմ դարձել է անհերքելի իրականություն»,- ընդգծել է ԱԳ նախարարը:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031