Համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել։
Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։
Ժամեր առաջ «Փաստինֆո»-ն հրապարակում էր արել, որտեղ նշվում էր, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով երեք անձ կա ձերբակալված, այդ թվում՝ ՊԵԿ պաշտոնյա։
Ավելի վաղ հաղորդվել էր՝ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից՝ Երևանում, Դեղատան 3 հասցեում, առանձնապես խոշոր չափերով՝ որպես իրեղեն ապացույց պահվող 590.000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու դեպքի առթիվ։
Գումարը պահվել է վարչական շենքի 6-րդ հարկում՝ չհրկիզվող պահարանում։
Մայիսի 24-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ՔԿ-ի շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակած անձինք ձերբակալվել են. հայտնաբերվել է հափշտակված 590 հազար դոլարի մեծ մասը։