ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ին հարակից կամրջի մոտակայքում մայիսի 22-ին ժամը 10:40-ի սահմաններում հայտնաբերել են 2-ամյա երեխայի դին։
Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում գրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ «Սիրելի՛ քաղաքացիներ, ցավալի լուր պետք է հայտնեմ։ Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։
Ցավակցում ենք փոքրիկի հարազատներին, համայնքի բնակիչներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,– գրել է Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Երեխայի անհետացման մասին ահազանգը ՆԳ նախարարությունը ստացել էր մայիսի 4-ին, ժամը 11։52-ին։ Ըստ նախնական տվյալների՝ փոքրիկը դուրս էր եկել տանից Մարմարիկ բնակավայրում և չէր վերադարձել։Միջադեպի կապակցությամբ մայիսի 6-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության և փրկարար ծառայության մեծաթիվ խմբեր, կիրառում էին նաև տեխնիկական միջոցներ, ներառյալ՝ անօդաչու սարքեր և ջրասուզակների խումբ։