Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը:

Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետի աշխատակազմից։

Մարզպետ Հայկ Ղալումյանը ներկայացրել է Տավուշի մարզի առանձնահատկությունները և ներկա իրավիճակը: Դեսպան Էնդրյու Թըրներն իր հերթին դիպուկ մեկնաբանություններ է արել տարածաշրջանի հետ կապված մի շարք կարևոր հարցերի շուրջ, մասնավորապես՝ տարածաշրջանային կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ:

Դեսպանը հայտնել է, որ այցելել է Կիրանց գյուղ և տեղում ծանոթացել է ներկայիս սահմանային իրավիճակին: Նա հիացմունք է հայտնել Տավուշի բնությամբ և հետաքրքրություն է ցուցաբերել տնտեսական համագործակցության հնարավորությունների նկատմամբ:

Սահմանազատման հետ կապված տրամադրությունների մասին հարցին պատասխանելիս՝ մարզպետը նշել է, որ սահմանային միջադեպեր չեն գրանցվել ոչ մի սահմանազատված հատվածում: Հիմնական մարտահրավերները հոգեբանական բնույթի էին, որոնք բնակչության ջանքերով հաջողությամբ հաղթահարվել են:

Այս մասին են վկայում հետևյալ ցուցանիշները.

Սահմանամերձ տարածքներում կառուցվել է 1471 նոր տուն,

Սահմանազատված Կիրանց գյուղում կառուցվել է 57 նոր տուն,

Բերքաբերում նախկինում եղած 103 տնտեսությունից բացի, ներկայումս կառուցվում է մոտ 90 նոր տուն:

Մարզի զարգացման առաջնահերթությունների մասին խոսելիս՝ մարզպետը նշել է տուրիզմի զարգացման կարևորությունը: Դիլիջանում արդեն իսկ կիրառվող փորձը նպատակ ունի տարածել դեպի Իջևան, Նոյեմբերյան և Բերդի տարածաշրջաններ: Կառավարության ջանքերով հիմնանորոգվել են Գանձաքար-Իծաքար և Նավուր-Թթուջուր ճանապարհները, ինչը նպաստելու է տուրիստական ուղղության զարգացմանը:

Հանդիպման ավարտին մարզպետ Հայկ Ղալումյանը շնորհակալություն է հայտնել Կանադայի կառավարությանը տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ ցուցաբերած պատրաստակամության համար:

Դեսպանը վերահաստատել է, որ Կանադան շարունակելու է բոլոր անհրաժեշտ ջանքերը տարածաշրջանում խաղաղության ապահովման համար:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031