Գագիկ Խաչատրյանի ու Հովիկ Աբրահամյանի առանձնատները կոռուպցիայի հուշարձան են. Արթուր Հովհաննիսյան

Նախորդ շաբաթվանից քննարկում ենք դատախազության զեկույցը և ականատես ենք մի հետաքրքիր տեսարանի. վիզուալիզացիայի, ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը բնականոն ճանապարհով ընթանում է և շուրջ 600 միլիոն դոլարի հասնող դրամական միջոցներ և գույքեր արդեն վերականգնվել են և միլիարդավոր դոլարների գույքեր ու դրամական միջոցներ էլ քննության և գնահատման փուլում են: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Ահա ԱԺ-ում ինձնից ձախ նստած է հայցվոր կողմը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը` ի դեմս ՀՀ քաղաքացու և ժողովրդի, պատասխանող կողմը` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն` ի դեմս Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ու նրանց մերձավոր շրջանակները և գլխավոր դատախազը՝ ի դեմս ՀՀ քաղաքացու ներկայացուցչի: Նրա զեկույցում արդեն տեսնում ենք մեր քաղաքական հանձնառության արդյունքները՝ թվերով և ինչն ամենակարևորն է, այդ թվերը ձևավորվել են բացառապես իրավական և ինստիտուցիոնալ ճանապարհով»,- ասաց նա:

Հովհաննիսյանը շեշտեց, որ դա նշանակում է՝ իրենք չեն գնացել վենդետաների, ունեցվածք խլելու, մեջ-մեջ հանելու ճանապարհով: «Մենք ստեղծել ենք մեխանիզմ, որը չի ճանաչում անուն-ազգանուններ, տարեթվեր, պաշտոններ և ծանոթներ։ Տիկին գլխավոր դատախազ, մենք շատ հաճախ ենք հանդիպում մարդկանց և վստահ եմ դուք էլ եք լսել այս պահանջը` մի շարք մարդկանց բռնելու մասին։ Այս ցուցակում առաջինները, բնականաբար, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն են, բայց այս դահլիճում էլ կգտնենք մարդկանց, որոնք, ըստ էության, առաջին հորիզոնականներում են, թոփ 10-ում են գտնվում այն անունները, որոնց մասին մեր հայրենակիցները մեզ անընդհատ ասում են և գրեթե մեծամասնությունն ունի այս պահանջը»,- ասաց նա:

Պատգամավորը ևս մեկ անգամ շեշտեց, որ իրենք չեն գնացել և չեն գնալու սեփական քմահաճույքով գույքեր խլելու, առանց որևէ իրավական հիմքի մարդկանց բռնելու, ունեզրկելու ճանապարհով, երկիրը չեն տանելու կործանման, որովհետև դա կլինի ինքնաոչնչացման ամենաուղիղ և ամենակարճ ճանապարհը։

«Բայց խոսելով ժողովրդի մի մասի զայրույթի մասին՝ այս կամ այն մարդուց, այս կամ այն գույքը վերցնելու, ուրեմն, վերականգնելու մասին, այս կամ այն մարդուն բռնելու մասին, մի երևույթի էլ ես կուզեմ անդրադառնալ։ Շատ են աչք ծակող գույքերը ՀՀ-ում և հատկապես Երևանում, որոնք մի տեսակ էմոցիոնալ և ընկալումների մակարդակում ազդում են մարդկանց ներվի վրա և ընկալման մակարդակում նաև ստվերում են այն թվերը, այն ձեռքբերումները, որոնք մենք ունենք:

Այդ գույքերը հիմնականում կենտրոնացած են Երևանում: Ասենք կենտրոնում, որ կանգնում ես «Մայր Հայաստանի» կողքին, տեսնում ես՝ վեր է խոյանում Գագիկ Խաչատրյանի շքեղ դղյակը, որը կարծես կոռուպցիայի և թալանի հուշարձանը լինի Երևանի կենտրոնում։ Մոնումենտով բարձրանում ես, ձախի վրա տեսնում ես Ազգային ժողովի կերպարով Հովիկ Աբրահամյանի տունը, որ լոլիկներով էր կառուցել, կարծես թե: Եվ այսպես, մարդիկ, մեր քաղաքացիները, կարծում են՝ նաև այնքան է արմատացած եղել կոռուպցիան և թալանը ՀՀ-ում և ավանդույթի նաև մշակութային արդեն ինչ-որ բան է դարձած, ազգային բան է դարձած եղել Հայաստանում կոռուպցիան ու թալանը»,- ասաց նա:

Պատգամավորի կարծիքով՝ այդ «աչք ծակող գույքերի հետ ինչ-որ հանրային նշանակության փոփոխություններ են միգուցե պետք իրականացնել, երբ որ դրանք կհայտնվեն ապօրինի գույքի տիրույթում։ Նա հույս հայտնեց, որ իր թվարկած աչք ծակող գույքերը քննության և անգամ գնահատման փուլում են գտնվում։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031