Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է Ուկրաինայի պատրաստակամությունը հանդիպելու Ռուսաստանի ներկայացուցիչների հետ՝ մայիսի 12-ից լիակատար հրադադարի պայմանով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ուկրինֆորմ»-ը, այս մասին պետության ղեկավարը հայտնել Է Telegram-ում:
«Իմաստ չունի անգամ մեկ օրով շարունակել սպանությունները։ Ակնկալում ենք, որ Ռուսաստանը կհաստատի հրադադարը՝ ամբողջական, երկարատև և հուսալի, սկսած վաղվանից՝ մայիսի 12-ից, և Ուկրաինան պատրաստ է հանդիպել», – գրել է Զելենսկին։
Նա «լավ նշան» է անվանել այն փաստը, որ ռուսները վերջապես մտածել են պատերազմի ավարտի մասին։ Սակայն ցանկացած պատերազմի իրական ավարտի առաջին քայլը, ինչպես ընդգծել Է նախագահը, հրադադարն է։
Ուկրաինան մայիսի 10-ին դաշնակիցների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի հետ առաջարկել է 30-օրյա հրադադար՝ առանց պայմանների։ Հրաժարվելու դեպքում Ուկրաինայի դաշնակիցները մտադիր են խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
Interfax-ը հայտնում է, որ Ուկրաինայի իրավիճակի շուրջ Ռուսաստանի առաջարկած բանակցությունները Ստամբուլում պետք է տեղի ունենան՝ հաշվի առնելով 2022 թվականին ընդհատված բանակցությունների արդյունքները և իրավիճակը «գետնին», հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Հաշվի առնելով դա, հաշվի առնելով, բնականաբար, հաշվի առնելով իրական իրավիճակը»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Պատասխանելով հարցին, թե ով է ներկայացնելու Ռուսաստանը բանակցություններում՝ նա ասել է. «Նախագահը հրաման կտա, այդ ժամանակ կհայտարարենք»:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն Ուկրաինային առաջարկում է վերսկսել 2022 թվականին ընդհատված ուղիղ բանակցությունները՝ առանց նախապայմանների, մայիսի 15-ին Ստամբուլում:
Պուտինը նաև նշել է, որ ՌԴ-ն տրամադրված է Կիևի հետ լուրջ բանակցությունների՝ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար: