Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, գործող կառավարիչների քաղաքական կուրսն ու որպես հետևանք պետության ստացած բազմաթիվ հարվածներն ու վնասները վաղուց հասարակությանը ջրբաժանի առաջ են կանգնեցրել՝ համակերպվել ստեղծված իրողությունների՞ն, թե՞ պայքարել սեփական երկրում կյանքի արժանապատիվ պայմանների և պաշտպանվածության համար: Այս մասին հայտարարությունների ժամին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Մի կողմից իշխանության ծնած կեղծ օրակարգերն ու սին խոստումներն են, մյուս կողմից Հայաստանի շուրջ ահագնացող ծանր հեռանկարները, որոնք մեր քաղաքացիներին ծանր որոշման առաջ են կանգնեցնում՝ թողնել ու հեռանա՞լ, թե՞ դիմադրել: Աստիճանաբար ժողովրդի մոտ լուռ կոնսենսուս է ձևավորվում առ այն, որ այս իշխանության գոյությունն ուղիղ ճանապարհ է բացում երկրի՝ նոր փորձությունների տեղապտույտում հայտնվելու և գոյության կռվի համար:
Իշխանությունը խոստացավ խաղաղություն՝ ստացանք պատերազմ, խոստացավ բարեկեցություն՝ ստացանք արտագաղթ, խոստացավ ինքնիշխան երկիր՝ ստացանք նոր օկուպացված տարածքներ, խոստացավ արժանապատիվ կյանք՝ ստացանք մշտական անարգանք:
Չկա այլ բան, քան ներկայիս իշխանությունների կապիտուլյացիոն քաղաքականությունը կտրականապես մերժելը, որը լրջորեն խարխլել է Հայաստանի ինքնիշխանության հիմքերը, էականորեն թուլացրել անվտանգության մակարդակը և ոտնձգությունների ենթարկել մեր ազգային արժեքները: Հայաստանում պետք է ձևավորվի իշխանություն, որի արտաքին և ներքին քաղաքականությունը հիմնված է բացառապես ազգային շահերի վրա:
Անհնար է հաշտվել այն մտքի հետ, որ մեր երկրի կենսական շահը դարձնում են սակարկման առարկա և մեր անդադար պայքարն առաջին հերթին դա թույլ չտալն է: Ցավոք ժամանակն անցնում է, վտանգները գնալով ավելի առարկայական են դառնում, իսկ իշխանությունը շարունակում է մնալ պատեհապաշտների և ավանտյուրիստների ձեռքերում:
Մենք իրավունք չունենք հուսահատվելու, հոգնելու, ձեռքներս վեր բարձրացնելու, քանի դեռ մեր երկրի ու ժողովրդի համար գոյաբանական վտանգը չենք չեզոքացրել, իսկ մեր երկիրը կառավարող արկածախնդիրները իշխանության ղեկին են:
Անշուշտ պայքարի ճանապարհը հեշտ, անխոչընդոտ ու պարզ լուծումներով չի լինում: Պետք է մեծացնել դիմադրության ճակատը, բոլոր ուժերը կենտրոնացնել մեկ գլխավոր նպատակի՝ սեփական ժողովրդին պատերազմով ահաբեկողի և բախտի քմահաճույքին թողնողի հեռացման շուրջ: Տարածաշրջանային այս բարդ իրադրության և սպառնալից արտաքին միջավայրի պայմաններում բարեկեցիկ, զարգացող և ապահով կյանք կազմակերպելու այլ ճանապարհ պարզապես գոյություն չունի»,- ասել է նա: