Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան շաբաթական ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին
Նրա խոսքով՝ Մոսկվան ուշադիր հետևում է Գյումրիում տեղի ունեցող իրավիճակի զարգացմանը, քանի որ այն Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքն է, որտեղ տեղակայված են ռուսական 102-րդ ռազմաբազան, Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» մասնաճյուղը։ Զախարովան նշել է, որ քաղաքային իշխանություններն ակտիվորեն համագործակցություն են զարգացնում ՌԴ տարբեր մարզերի հետ։ Գյումրիում է գտնվում նաև «Պատվո բլուր» հուշահամալիրը, որը նվիրված է ռուս-թուրքական պատերազմների ժամանակ զոհված ռուս սպաներին։
Դիվանագետը հիշեցրել է, որ օգոստոսին ԱՊՀ երկրների ղեկավարների խորհուրդը Գյումրիին շնորհել է «1941–1945 թվականների Աշխատանքային փառքի քաղաք» պատվավոր կոչումը։
«Մենք, իհարկե, գնահատում ենք ռուս-հայական հարաբերությունները և միշտ աջակցում ենք նրանց, ովքեր պաշտպանում են մեր ժողովուրդների միջև ավանդաբար սերտ կապերը: Ինչ վերաբերում է քաղաքապետի ձերբակալությանը, ապսա դա Հայաստանի ներքին գործն է: Սակայն մենք նկատում ենք, որ նախկինում քրեական գործեր են հարուցվել Վանաձորի, Բերդի, Գորիսի և այլ համայնքների ղեկավարների դեմ և նրանցից մի քանիսը ձերբակալվել են: Մենք հույս ենք հայտնում, որ նման դատավարությունները չեն հանգեցնի դատական համակարգի և ժողովրդի միջև կապի խզման և դրա նկատմամբ վստահության անկման: Իրականում, Հայաստանի վարչապետը վերջերս այս մասին խոսել է Հայկական ժողովրդավարության ֆորումում», — հայտարարել է Զախարովան:
Նրա խոսքով՝ այս թեման հատկապես արդիական է, հաշվի առնելով, որ Հայաստանը մտնում է նոր ընտրական ցիկլ. երկրի հաջորդ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսին։