Պատահական նայեցինք, և խանութների վերջում ծուխ նկատեցինք, երկու րոպեի մեջ ծուխն այնքան թեժացավ, որ միանգամից կրակ բռնկվեց ու տարածվեց խանութում։ Այս մասին զրույցում նշեց Մալաթիայի տոնավաճառում խոշոր հրդեհի ականատեսներից մեկը։
«Այդպես այրվում էր, ոչ մեկը ոչ բան չկարողացավ անել։ Այդ խանութում ինչ ասես՝ վաճառվում էր՝ հեռախոսներ, նվերներ, արձանիկներ, աքսեսուարներ, շատ բան կար։ Ոչինչ չկարողացան փրկել, միանգամից կրակը լցվեց խանութ»,–ասաց նա։
Հարցին՝ դեպքի վայրում ներսում մարդ եղե՞լ է, ականտեսն ասաց, որ խանութի տերը նույնիսկ գլուխը այրել է, փրփուր են լցրել գլխին, հիմա էլ շիվար կանգնած է։
Ավելի վաղ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 14:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։