Լիտվան հրաժարվում է Բելառուսի հետ բանակցություններ վարել ծխախոտի մաքսանենգության դեմ պայքարի հարցով, որի համար օգտագործվում են թռիչքների անվտանգությանը սպառնացող օդերևութաբանական զոնդեր։ Այս մասին «Ժինյու ռադիաս» ռադիոկայանի եթերում հայտարարել է վարչապետ Ինգա Ռուգինենեն։
«Բելառուսի հետ բանակցություններ չեն լինի», — ասել է նա։
Կառավարության ղեկավարը կարծում է, որ Մինսկը կարող էր կանխել օդային ճանապարհով ծխախոտի մաքսանենգությունը։ «Այդ փուչիկների մեծ մասը հնարավոր կլիներ չեզոքացնել Բելառուսի տարածքում, — հայտարարել է նա: — Դա չի արվում։ Մեր կողմից կլինի համապատասխան արձագանք»։ Չորեքշաբթի օրը վարչապետը հայտարարել էր, որ մաքսանենգ ապրանքներով օդերևութաբանական զոնդերի զանգվածային ներթափանցման կրկնվելու դեպքում Լիտվան կփակի Բելառուսի հետ սահմանը։
Չորեքշաբթի գիշերը Լիտվայի զինվորականները Բալթյան հանրապետության օդային տարածքում արձանագրել են շուրջ 200 օդերևութաբանական զոնդ, որոնք օգտագործում են Բելառուսից Լիտվա ծխախոտի մաքսանենգ փոխադրումների կազմակերպիչները։ Թռիչքների անվտանգության համար սպառնալիք ներկայացնող միջադեպի պատճառով Վիլնյուսի միջազգային օդանավակայանը փակվել էր երեքշաբթի ժամը 23:00-ից մինչև չորեքշաբթի ժամը 06:30-ը։ Խնդիրների են բախվել շուրջ 4 հազար ուղևորներ։