Սա նոր միտք չէ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով նրան, որ պարտադիր զինծառայությունը 2 տարուց դառնում է 1,5 տարի։
«Մարդիկ, որոնք մեզ մեղադրում են հապճեպ որոշումներ ընդունելու և նախընտրական գործողությունների մեջ, թող կարդան կառավարության ծրագիրը։ Մենք կառավարության ծրագրով ստանձնել ենք պարտավորություն, որ մեր գործունեության 5 տարվա ընթացքում պայմանագրայինների ավելացման հաշվին կրճատելու ենք ժամկետային զինծառայությունը։
Երկրորդ փաստաթուղթը Հայաստանի բանակի կերպափոխման հայեցակարգն է, որտեղ նույնպես նմանատիպ հանձնառություն ենք ստանձնել։ Կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասված է, թե ինչպիսի երկարաժամկետ պլանավորման արդյունք է սա։ Եվ իհարկե, ամեն ինչ պետք է կախված լիներ նրանից, թե հաջողվում է մեզ արդյոք այս տարիների ընթացքում պայմանագրայինների թվաքանակն ավելացնել։ ԱԺ–ն շուրջ 2.5 տարի առաջ ընդունել է մի օրենք, որով թույլատրում է ժամկետային զինծառայողներին 6 ամիս ծառայելուց հետո կնքել պայմանագիր։ խոսքը վերաբերում է նրանո, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով բազմաթիվ զինվորներ երկարաժամկետ իրենց կյանքը կապում են բանակի հետ։ Այդ թիվը հասնում է մի քանի հազարի արդեն։ Այսինքն խոսել, որ մենք կրճատում ենք բանակը, մեղմ ասած, անհեթեթություն է»,–ասաց նախարարը։
Պապիկյանը հիեցրեց, որ երբ շարքային զինծառայությունը մեկնարկում է, զինվորների պատրաստությունը տեւում է 4.5–6 ամիս, որից հետո անցնում են հիմնական իրենց ծառայությանը, որը փորձի կուտակում է. «Ասել, որ մենք խտացնելով պակասեցնում ենք նրանց փորձը, կամ սովորելու հնարավորությունը, իրականության հետ ոչ մի աղերս չունի։
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի առավելությունն այն է, որ զինծառայողները նախ իրենց նախկինում 1,5, իսկ հիմա արդեն 1 տարի հավելյալ ծառայությունը, որ պետք է անցկացնեն, կարող են անցկացնել որպես պայմանագրայիններ, ստանալ աշխատավարձ, ատեստավորվել և այդ աշխատավարձը կրկնապատկել։ Այսօր մեր «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների զգալի մասը կարողանում է ատեստավորվել։ Նրանց թիվը հասնում է մի քանի հազարի։ Ուղիղ թիվը չեմ հնչեցնի, բայց վստահեցնում եմ, որ մի քանի տարի հետ, երբ մեր շատ գորչծընկերների կողմից հնչեցրած ժամանակը կգա, երբ որ նոր օրենքը իր արդյունքները կունենա, մենք որեւէ խնդիր չենք ունենալու»,–ասաց Պապիկյանը։