Ովքե՞ր կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացնում

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից: Հաջորդիվ ներկայացվում է աջակցության ծրագրի ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը։

Ովքե՞ր կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից

Եթե Դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և արդեն ներկայացրել եք եկամուտների տարեկան հայտարարագիր, ապա Ձեր եկամտային հարկի գումարից կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։ Հնարավորությունը գործում է ինչպես Ձեր, այնպես էլ՝ Ձեր ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերի դեպքում։

Փոխհատուցումից կարող եք օգտվել, եթե հաշվետու տարվա ընթացքում կրթության և/կամ առողջապահության գծով կատարել եք սոցիալական ծախսեր։

Ո՞ր դեպքում կարող եք օգտվել կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից

Կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից կարող եք օգտվել հետևյալ դեպքերում․

Հայաստանում գործող նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական) հաստատություններում, ինչպես նաև միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համար կատարել եք ուսման վճարում։ Հիշեք, որ ուսման վճարի փոխհատուցման նպատակով՝ 2025 թվականի փետրվարի 15-ից հետո վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով։

Հայաստանում գործող երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և կրթու­­թյան պետա­­կան կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների համար անկանխիկ եղանակով կատարել եք ուսման վճարում:

Կրթու­­թյան պետա­­կան կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների համար անկանխիկ եղանակով կատարել եք ուսման վճարում։

Միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) կրթության շրջանակում դասագրքերի վարձակալության համար կատարել եք վճարում։ Այս դեպքում վճարումները կարող են կատարվել կանխիկ եղանակով, քանի որ դասագրքերի վարձակալության դեպքում վճարում կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում։ Դասագրքերի վարձակալության գծով ծախսերի փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան կազմում է 3000 դրամ։

Ինչպես պարզել կրթական ծրագրերի երաշխավորված լինելը

Պարզելու համար՝ արդյոք արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթական ծրագիրը, որից Դուք օգտվել եք, երաշխավորված է կրթու­­թյան պետա­­կան կառավարման լիազոր մարմնի կողմից, թե՝ ոչ, այցելեք ԿԳՄՍՆ www.escs.am պաշտոնական կայքէջ, ապա մուտք գործեք «Սոցիալական կրեդիտ» բաժին և ծանոթացեք երաշխավորված ծրագրերի ցանկին, որոնք պարբերաբար լրացվում են՝ նոր երաշխավորվող ծրագրերին զուգընթաց։

Ո՞ր դեպքում կարող եք օգտվել առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից

Առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից կարող եք օգտվել հետևյալ դեպքերում․

Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից՝ Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամների համար ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ և դրա դիմաց կատարել եք վճարում։ Հիշեք, որ ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսի փոխհատուցման նպատակով՝ 2025 թվականի փետրվարի 15-ից հետո վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով։

Հայաստանում ատամնաբու­ժա­­կան ծառայությունների համար 2024 և 2025 հաշվետու տարիների ընթացքում անկանխիկ եղանակով կատարել եք վճարում։

Որքան է կազմում փոխհատուցման գումարը

Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամ։

Անհրաժեշտ է հիշել, որ Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույնը չափը կազմում է տարեկան 100․000 դրամ:
Այսինքն, եթե Դուք ուսման վճարի համար ստանաք 100.000 դրամ փոխհատուցում, ապա չեք կարող այլևս օգտվել առողջության ապահովագրական փաթեթի 50.000 դրամ փոխհատուցումից։ Երկու ուղղություններով փոխհատուցումից միաժամանակ կարող եք օգտվել, եթե դրանց հանրագումարը չգերազանցի 100.000 դրամը։

Ինչպես օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից

Քայլ առաջին՝ պահանջել հաշվարկային փաստաթուղթ

Սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է սոցիալական ծախս կատարելիս՝ ծառայություն մատուցողից, այսինքն՝ ապահովագրական ընկերությունից, ատամնաբուժական ծառայություն մատուցողից կամ կրթական հաստատությունից պարտադիր պահանջել Ձեր տվյալներով հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս), որը դուրս գրելուց հետո ինքնաշխատ կարտացոլվի հայտարարագրման համակարգում։

Բացառություն են կազմում դասագրքերի վարձակալության համար կատարված վճարները, որոնց դեպքում հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու անհրաժեշտություն չկա, քանի որ հիմք է ընդունվում ԿԳՄՍ նախարարության կողմից հար­­­կային մարմնին տրամադրված՝ աշա­կերտ­ների և նրանց ծնողների վերա­բեր­յալ տեղե­­կատվու­թյունը (անուն, ազգանուն, ՀԾՀ):

Քայլ երկրորդ՝ ներկայացնել դիմում և ստանալ գումարը

Եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացնելուց հետո, հենց նույն համակարգի միջոցով, որով ներկայացրել եք տարեկան հայտարարագիրը, կարող եք դիմել և մինչև երրորդ աշխատանքային օրը հետ ստանալ սոցիալական ծախսի համար վճարված գումարները՝ հետևյալ քայլերի հաջորդականությամբ՝ https://www.youtube.com/watch?v=YO36UBpKp7s

Կարևոր է իմանալ․ եթե հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձն օգտվում է հիփոթեքային վարկի կամ ուսման վարձի կամ շահաբաժնի մասով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, ապա սոցիալական ծախսի փոխհատուցում կկատարվի այն դեպքում, երբ հաշվետու տարվա համար հաշվարկված և/կամ վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարների և Հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում ֆիզիկական անձին վերադարձված եկամտային հարկի գումարների միջև առկա է դրական տարբերության։
Ավելին՝ https://www.src.am/am/getNews/920

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930