Շատ կառույցներ դեմ են դուրս եկել իշխանությանը և այդ վախը ստիպում է գործել հիստերիկ կերպով․ Լևոն Սարգիզով (տեսանյութ)

Այսօր կարծես թե ծուռ հայելիների աշխարհում ենք ապրում, որտեղ խոսվում է ժողովրդավարությունից, բայց գրեթե ոչ մի բան ժողովրդավարությունից այլևս չի մնացել: Թե՛ փաստաբաններն են ձերբակալվում, թե՛ բարերարներն ու իրավապաշտպաններն են ձերբակալվում, իսկ դատարանների մասին այլևս խոսք չկա․ վարքաբեկված է ամբողջ դատական համակարգը, Tert.am-ի հետ զրույցում ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Լևոն Սարգիզովը՝ անդրադառնալով Գյումրիում հայտնի իրադարձությունների ժամանակ փաստաբան, շարժման անդամ, իրավապաշտպան Ռուբեն Մխիթարյանի ձերբակալությանը։

Ռուբեն Մխիթարյանը Գյումրի էր մեկնել որպես փաստաբան և որպես սրտացավ գյումրեցի, թույլ չտալու համար, որ իրավապահ մարմինները բիրտ ու անհամաչափ ուժ չկիրառեն քաղաքացիների նկատմամբ, ասում է Լևոն Սարգիզովը։ Տեսանյութերում երևում է, որ Ռուբեն Մխիթարյանը ներկայանում է որպես փաստաբան, հորդորում է ոստիկանին չխոչընդոտել իր մասնագիտական գործունեությունը, իսկ արդեն ձերբակալությունների հատվածում երևում է, որ ձեռքերը վերև բարձրացրած, բաց ափերով հորդորում է մարդկանց ծեծի չենթարկել, բիրտ ուժ չկիրառել, որից հետո նա ձերբակալվում է։

«Ձերբակալությունից հետո սպասում էինք, որ նա ազատ կարձակվի, բայց մի քանի հոդվածով մեղադրանք էր առաջադրվել, արդարադատության խոչընդոտման, զանգվածային անկարգություններին մասնակցության և մեկ այլ հոդված ևս։ Այստեղ խոսում ենք բացարձակ անմեղ լինելու մասին։ Ավելին, նրա ծավալած գործունեությունը խրախուսելի էր, որովհետև որպես փաստաբան փորձում էր հանդարտեցնել իրավիճակը։ Բռնելուց հետո գոնե կարող էին բաց թողնել, կարող էին վարչական իրավախախտում համարել, ստորագրությամբ կամ գրավով բաց թողնել, տնային կալանք տալ։ Նայե՛ք, որքան մեծ սպեկտոր կար, բայց ամենածայրահեղ միջոցը կիրառվեց, ինչը ցույց է տալիս, որ սա բացարձակապես քաղաքական ուղղորդված ձերբակալում և կալանավորում է», — նշում է Սարգիզովը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031