Ուզու՞մ եք մեկ օրինակով ցույց տամ, որ եկեղեցու դեմ կատարվողը բացառապես քաղաքական արշավ է անձամբ Վեհափառի նկատմամբ. դուք մի ձայնագրությունով, որտեղ ինչ-որ նախկին քահանա ասում է՝ Վեհափառը ինձ ասել է մայրիկիդ վերցրու գնա ցույցի, այդ դրվագով քրեական վարույթ եք հարուցել Ամենայն Հայոց Վեհափառի նկատմամբ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24–ին, ԱԺ-ում իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը։
«Ու ծաղրում եք եկեղեցու այն հայտարարությունը, որ չի անդրադարձել այդ դրվագին, բայց ասում է ձայնագրությունը ապօրինի է։ Ուզու՞մ եք մի դրվագով տեսնել ոնց է երևում, որ դա քաղաքական հետապնդում է։ Իսկ դուք այս մի ձայնագրությունը հիշու՞մ եք՝ Նիկոլ Փաշինյան, Արթուր Վանեցյան, Սասուն Խաչատրյան հեռախոսազրույցի գաղտնալսման նոր ձայնագրությունը»,–ասաց նա՝ միացնելով ձայնագրությունը, որտեղ վարչապետն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը քննարկում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցերը։
«Գիտե՞ք ինչ եղավ այս ձայնագրության հետ։ Չէ դուք վարույթ չհարուցեցիք, որ ուզում ենք Խաչատուրովին կալանքի տանել, վարույթը հարուցվեց, որ ձայնագրությունը եղել է ապօրինի։
Մի պարզ դրվագ էլ ուղղակի կարամ ասեմ, Միքայել Աջապահյանին ծանուցում ուղարկե՞լ եք, որ ներկայանա ու չի ներկայացել, դրա համար եք վեհարան մտել, թե ուղղակի ուզում էիք էդ շոուն ստանայիք։ Էդ ա, հասկանու՞մ եք, ու ձեր մի քիչ սափրված լինելը, սրտիկ անելը ձեզ ոչ ավտորիտար կամ ժողովրդավար չի սարքում, ժողովուրդ։ Այո, ժամանակները զարգացել են, 21-րդ դարն է, գուցե դուք Սադամ Հուսեյնի տեսք չունեք, այո, 37 թվի համեմատ մենք համացանց ունենք, բայց դուք դրանից ավելի ժողովրդավար չեք դարձել։ Հ1–ը այլևս մենաշնորհ չունի, մարդը կարա ֆեյսբուքյան լայվով, կարճ վիդեոյով իր տեսակետը արտահայտի, ու դուք դրա հետ բան չեք կարա անեք։
Բայց դրա համար դուք Հ1–ով արցախցիների խոսակցությունը կոշիկի մասին ներկայացնում եք կաշառքի մասին խոսակցություն։ Ոչ թե սրտիկ անելը, ակուրատնի հագնվելը է վկայում ավտորիտար լինելը կամ չլինելու, այլ վկայում է իշխանության ամբողջական կենտրոնացումը մի ուժի ձեռքին, վկայում է ԲԴԽ նախագահին մեկ SMS-ով հեռացնելը, վկայում է այլակարծությունը երկրում ամեն կերպ ճնշելը։ Թե չէ կարաք գաք հարյուրավոր սրտիկներ անեք, դրանից ոչ մի բան չի փոխվում։ Նոր տիպի բան է ձեր ավտորիտարիզմը, բրենդինգը ավելի լավն է, բայց էությունը դրանից չի փոխվում»,–ասաց Վարդանյանը։






































