ՀՀ-ում դե յուրե վերանում է «ես ծանուցված չեմ» հասկացությունը. Փաշինյանը՝ էլեկտրոնային ծանուցումների ներդրման մասին

Շատ կարևոր քայլ ենք կատարում ֆիզիկական և իրավաբանական անձանց ծանուցումների հարցը լուծելու տեսանկյունից: Այս փաթեթով ներդնում ենք էլեկտրոնային ծանուցումների մի ամբողջական մեխանիզմ՝ սկզբից մինչև վերջ նկարագրված, և եթե այդ մեխանիզմով անձը ծանուցվի, և ծանուցումը բոլոր փուլերով անցնի, ապա անկախ ամեն ինչից՝ անձը համարվում է պատշաճ ծանուցված: Այդ մասին, այսօր՝ հոկտեմբերի 16–ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

«Ֆիզիկական անձանց դեպքում գործելու է էլեկտրոնային հարթակ, թվային միջավայր, որտեղ անձը մուտք է գործելու խիստ նույնականացման միջոցով, այսինքն՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման միջոցով: Ծանուցումը տեղադրվելու է այդ հարթակում, և եթե անձը մուտք գործի հարթակ, ապա համարվելու է ծանուցված: Անձը կարող է նաև տրամադրել հավելյալ կապի միջոցներ՝ անձնական էլեկտրոնային փոստ, հեռախոսահամար, որով նա հավելյալ կտեղեկացվի այն մասին, որ իր հարթակում ծանուցում է տեղադրվել:

Եթե հարթակում ծանուցումը տեղադրելուց հետո 3 օրվա ընթացքում անձը մուտք չգործի համակարգ, սկսելու է աշխատել հաջորդ քայլը, այն է՝ ծանուցումը հիբրիդային առաքանու միջոցով պատվիրված նամակով ուղարկվելու է անձի հաշվառված հասցեով:

Հիբրիդային առաքանին այն է, երբ ծանուցողը որևէ ծրար կամ նամակ չի ուղարկում, այլ էլեկտրոնային ծանուցումը ավտոմատ փոխանցվում է փոստին, և փոստն այն ծրագրավորում և ուղարկում է անձի հաշվառման հասցեով: Եթե այս եղանակով ուղարկելուց հետո ծանուցումը 7 օրվա դրությամբ ֆիքսվում է, որ անձը չի ստացել այն կամ հրաժարվել է ստանալ, ապա ծանուցումը տեղադրվում է azdarar.am կայքում, և տեղադրվելուց 7 օր հետո անձը համարվում է պատշաճ ծանուցված»,- պարզաբանեց նախարարը:

Եթե ֆիզիկական անձը հարթակի միջոցով տվել է համաձայնություն, որով հավաստվում է, որ իրեն բացառապես էլեկտրոնային եղանակով ծանուցումներ կարող են ուղարկվել, ապա ծանուցումներն իրականացվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով, և այդ դեպքում ծանուցումը տեղադրելուց հետո՝ 3-րդ օրը, անձը համարվում է պատշաճ ծանուցված՝ անկախ այն հանգամանքից, թե անձը մո՞ւտք է գործել հարթակ, թե՞ չէ:

«Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում ծանուցման համար օգտագործվելու է հարկային մարմնի հաշվետվությունների էլեկտրոնային կառավարման համակարգը. սա այն հարթակն է, որտեղ կազմակերպությունները, հատկապես տնտեսվարողները, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով մուտք են գործում, հետևաբար սա ընդունել ենք որպես իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ծանուցման հարթակ»,- ասաց նա:

Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ըստ նախարարի, պատշաճ ծանուցված են համարվելու ՊԵԿ համակարգի՝ իրենց անձնական էջում տեղադրվելու օրվան հաջորդող 3-րդ օրվանից: Եթե վերջիններս այդ ընթացքում մուտք չգործեն համակարգ, ապա ծանուցումը տեղադրվելու է azdarar.am կայքում, և տեղադրվելու 5-րդ օրը վերջիններս համարվելու են ծանուցված: Նրանց դեպքում հիբրիդ փոստային ծանուցումը բացառված է:

Նախագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ նախագիծը նշանակում է, որ ՀՀ-ում դե յուրե վերանում է «ես ծանուցված չեմ» հասկացությունը:

«Դե ֆակտոյի մասին էլ տիկին Գալյանը նշեց բոլոր հնարավոր տարբերակներով, այսինքն՝ եթե օբյեկտիվորեն և ողջամտորեն նայենք այս սխեմային, ըստ էության, տարբերակ չկա, որ մարդը նաև դե ֆակտո ծանուցված չլինի: Խնդիրն այն է, որ մինչև հիմա մենք բազմաթիվ իրավիճակների ենք բախվում, երբ մարդը դե ֆակտո ծանուցված է, բայց պետական մարմինները չեն կարողանում դե յուրե ապացուցել, որ անձը ծանուցված է: Սա տարբեր խնդիրներ է առաջացնում, և կարծում եմ, որ սա շատ էական և կարևոր փոփոխություն է»,- ասաց նա:

Այս համակարգը կկրճատի նաև թղթաբանությունը, այդ թվում՝ դրա հետ կապված ծախսերը: Այս համատեքստում վարչապետը ներկայացրեց նաև վիճակագրություն, համաձայն որի՝ 4-5 միլիարդ դրամ տարեկան միայն ծանուցումների վրա է ծախսվում:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ Էստոնիայից փորձագետ է հրավիրվել, որպեսզի պետական մարմինների աշխատողների համար ներկայացվի թվայնացման էստոնական կոնցեպտը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց՝ մարդիկ թե՛ էլեկտրոնային, թե՛ թղթային ծանուցումները դիտարկում են որպես նեգատիվ ինֆորմացիա, դրա համար խուսափում են, մոտիվացիա չունեն առնչվելու այդ համակարգին:

«Մեզ մոտ, եթե պետությունը քեզ ծանուցումով փնտրում է, անպայման մի պրոբլեմ հետդ տեղի կունենա: Դրա մասին անպայման պետք է մտածենք»,- ասաց նա և կատակեց՝ երևի թե պետք է «սմալյիկ» դնել, որպեսզի պոզիտիվ տոն տրվի ծանուցումներին:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031