Իմ ցանկությունն է, որ առաջիկա ամիսներին Հայաստանն ու Ադրբեջանը լրացուցիչ ջանքեր գործադրեն և խաղաղության ուղին դարձնեն անշրջելի. Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելը, ով այցով գտնվում է Բաքվում, ադրբեջանական Report-ին տված հարցազրույցում կիսվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների հիշողություններով, ինչպես նաեւ գնահատել է երկու երկրների միջեւ խաղաղ գործընթացի ընթացքը Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո:
-Եվրոպական խորհրդում Ձեր նախագահության ընթացքում դուք ակտիվորեն զբաղվել եք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացով և կազմակերպել եք առաջնորդների հանդիպումներ: Այն ժամանակ կարող էիք ենթադրել, որ ներկայիս արդյունքը ձեռք կբերվի։ Ինչպես եք գնահատում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի հաջողությունը:
-Անհրաժեշտ էր վերսկսել քաղաքական երկխոսությունը և սահմանել հարաբերությունների բարելավման և խաղաղ գործընթացի շարունակման հիմքերը։ Այն ժամանակ (Եվրոպական խորհրդում նախագահության շրջանում – խմբ.) ես, հասկանալի պատճառներով, չէի կարողանում լիովին գնահատել բոլոր դժվարություններն ու խնդիրները։ Բայց արդեն այն ժամանակ ես վստահ էի, որ հարաբերությունները դրական կերպով կզարգանան, քանի որ զգում էի, որ երկու կողմերի մոտ էլ փոխըմբռնում է ձեւավորվել. խաղաղությունը միշտ ավելի ճիշտ մոտեցում է։ Երկարաժամկետ հեռանկարում հենց խաղաղությունն է ապահովում անվտանգության լավագույն երաշխիքը և պայմաններ ստեղծում տարածաշրջանում տնտեսական նախագծերի զարգացման համար: Ուստի շատ ուրախ եմ, որ այսօր մենք ականատես ենք լինում կարևոր ձեռքբերումների։ Կարծում եմ, որ «Բրյուսելյան գործընթաց» անվանումը ստացած նախաձեռնությունը դրական և լավատեսական գործիք էր, որն օգնում էր երկու երկրների ղեկավարներին որոշել մերձեցման հնարավոր քայլերն ու լուծումները: Ցանկանում եմ ընդգծել, որ առաջիկա շաբաթներն ու ամիսները չափազանց կարևոր են լինելու այդ ձեռքբերումներն ամրապնդելու և դրանց կայունությունն ապահովելու համար:
-Ինչ դժվարությունների եք հանդիպել ԵՄ խորհրդում նախագահության ընթացքում առաջնորդների հանդիպումներ կազմակերպելիս:
— Ցանկացած կոնֆլիկտի կամ տարաձայնության դեպքում, անկախ պատճառներից, ի սկզբանե կողմերի միջև առկա է անվստահություն: Երբ վստահություն չկա, դժվար է հստակ քայլեր ձեռնարկել առաջ շարժվելու համար: Իմ միջնորդական առաքելության հենց սկզբից ես հասկացա, որ անհրաժեշտ է օգնել վերականգնել վստահության գոնե նվազագույն բազան։ Դա հեշտ չէր, երբեմն՝ չափազանց դժվար։ Միևնույն ժամանակ, պետք էր վճռականություն ցուցաբերել։ Իմ կարծիքով, որոշումները, որոնք այսօր կայացվում են երկու կողմերի կողմից, շատ համարձակ քայլեր են։ Նրանք ցույց են տալիս առաջընթացի և խաղաղ գործընթացի ամրապնդման անկեղծ կամք։
-Ադրբեջանն արդեն վերացրել է Հայաստան բեռների մատակարարման սահմանափակումները։ Դրա օրինակն է ղազախական հացահատիկի տարանցումն Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան։ Ինչպես եք գնահատում այդ քայլը։
-Սա շատ կարևոր որոշում է, քանի որ դեռ ամիսներ կամ տարիներ առաջ դժվար էր պատկերացնել նման իրավիճակ ։ Բայց այսօր այդ որոշումն իրականություն է դարձել, դա կոնկրետ փաստ է։ Ես հասկանում եմ, որ մնում են որոշակի բարդություններ և զգայուն պահեր, և մենք դա պետք է հաշվի առնենք։ Սակայն, իմ կարծիքով, նման քայլերը հուսադրող ազդանշան են։ Իմ ցանկությունն է, որ առաջիկա ամիսներին երկու կողմերն էլ լրացուցիչ ջանքեր գործադրեն և խաղաղության ուղին դարձնեն անշրջելի:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031