Քաղաքական տարր չկա, խոսքը 2 վարույթի մասին է. ինչ ցուցմունքներ են տվել Վարդան Ղուկասյանի գործով մեղադրյալները

Վարդան Ղուկասյանի գործի հետ կապված որևէ քաղաքական տարր չկա, խոսքը վերաբերում է 2 վարույթի:

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ նշելով, որ 2024 թվականի տարեվերջին դեռևս առկա է եղել նախաձեռնված վարույթ՝ գլխավոր ճարտարապետի կողմից կաշառքներ ստանալու վերաբերյալ, և այդ վարույթով ամիսներ շարունակ իրականացվել են գաղտնի քննչական գործողություններ:

«Այնուհետ, 2025 թվականի ապրիլին Հակակոռուպցիոն կոմիտեում տվյալներ են ստացվում, որ համայնքի ղեկավարը մի շարք անձանցից պահանջում է գումարներ: Այդ օպերատիվ տվյալները սկսում են մշակվել և դատարան միջնորդություն է ներկայացվում, որ անձի նկատմամբ իրականացվենհամապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում ներքին դիտում:

Այդ տվյալները մշակվել են ամիսներ շարունակ և վերջնական տեսք են ստացել հոկտեմբերի 15-ին, եթե չեմ սխալվում: Ինչու եմ ասում ավարտական տեսք, որովհետև, ըստ էության, երբ որ պաշտոնատար անձինք ներկայացրել են կաշառք տալու առաջարկ ապօրինի շինարարություն իրականացրած քաղաքացուն, ըստ էության, հոկտեմբերի 15-ին վերջնականապես այդ քաղաքացուց ստացել են համաձայնությունը, որպեսզի այդ ապօրինի գործողություններ դիմաց պաշտոնատար անձանց փուլային տարբերակով վճարվի ընդհանուր 4 մլն դրամ գումար կաշառք:

Այս հանգամանքը ֆիքսելուց անմիջապես հետո նախաձեռնվել է քրեական վարույթ և տեղի են ունեցել այս քննչական գործողությունները»,- ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:

Քրեական վարույթի շրջանակներում հացաքննված անձինք ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել, ով՝ ինչ է խոստովանել:

Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան, Արթուր Նահապետյանն ասաց նախաքննական շահերից ելնելով չի կարող ասել ով ինչ ցուցմունք է տվել, սակայն կարող է հաստատել, որ ունեն խոստովանական մի շարք ցուցմունքներ և որպես մեղադրյալ ներգրավված անձինք իրենց ցուցմունքներով հաստատել են այն օպերատիվ տվյալները, որոնք ձեռք էին բերվել վարույթն իրականացնող մարմնի կողմից:

«Տվել են մանրակրկիտ ցուցմունքներ»,- ասաց Նահապետյանը:

Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ի սկզբանե ձերբակալվել էր 8 անձ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:

Ոստիկանական գործողությունների ժամանակ բախումներ էին եղել Ղուկասյանի աջակիցների ու ոստիկանների միջև:

Բացի այդ՝ Վարդան Ղուկասյանի համակիրները ծակել էին ոստիկանության մեքենաների անիվները:

Վարդան Ղուկասյանը, Հենրիկ Գասպարյանը և ևս մի քանի անձ կալանավորվել են:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են նաև քաղաքապետարանի Կրթության բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարներ Անահիտ Գասպարյանը, Բելա Ավագյանը, և առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Վարդուհի Փիլոյանը:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031