Ավարտվել է օտարերկրյա քաղաքացիներին առևանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է օտարերկրյա քաղաքացիներին առևանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ իբր ոստիկանության աշխատակիցներ ներկայացած անձինք մուտք են գործել օտարերկրյա քաղաքացու բնակարան, վերցրել սեղանին դրված փոշիանման զանգվածը և հայտնել թմրամիջոց հայտնաբերելու մասին։

Արդյունքում ոստիկանության աշխատակիցներ ներկայացած անձինք օտարերկրացուն և իր ընկերոջը բաժին տեղափոխելու պատրվակով շահադիտական դրդումներով հետագայում գումար պահանջելու դիտավո­րութ­յամբ նստեցրել են ավտոմեքենան և ուղևորվել Երևան-Սևան մայրուղու ուղղությամբ՝ այդ կերպ խաբեությամբ առևանգելով նրանց։

Այնուհետև առերևույթ հանցանք կատարած անձինք, սպառնալով, որ կհրապարակեն օտարերկրացու օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ, պահանջել են գումար, և Երևան հասնելուն պես օտարերկրյա քաղաքացին, իր և ընկերոջ կյանքի և առողջության նկատմամբ իրական վտանգ զգալով, փոխանցել է առանձնապես խոշոր չափերով 14 մլն 281 հզր 560 ՀՀ դրամին համարժեք կրիպտոարժույթ։

Երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով մարդուն առևանգելը), 207-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթումը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են տնային կալանքը, բացակայելու արգելքը և գրավը։

Երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշվում է հաղորդագրությունում։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930