Մենք էական ձեռքբերում ենք ունեցել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում. Միրզոյան

Անցած տարի մենք էական ձեռքբերում ենք ունեցել Ադրբեջանի հետ հարաբերություններ կարգավորման գործընթացում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Խոսքս իհարկե սահմանազատման գործընթացի մասին է, մեզ հաջողվեց ստորագրել երկու երկրների միջև երբևէ եղած առաջին միջազգային իրավական փաստաթուղթը, երկու սահմանային հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, և այնուհետև նաև գետնի վրա տեղի ունեցավ միջպետական սահմանի որոշակի հատվածի սահմանազատում:

Ի դեպ հորդորում եմ հորդորել որևէ առիթի դեպքում այցելել սահմանազատված հատված և տեսնել նաև սահմանի կարահավորումը և նաև կյանքը արդեն սահմանազատված շրջանում։ Պայմանավորվածություն կա շարունակել այս աշխատանքը, ենթադրաբար հենց հունվարին տեղի կունենա երկու փոխվարչապետերի և նրանց գլխավորած հանձնաժողովների միջև հերթական հանդիպումը, կա նաև ընկալում, թե ինչպես և որտեղից շարունակել սահմանազատումը»,- ասաց Միրզոյանը:

Վերջինս խոսեց նաև խաղաղության պայմանագրի մասին:

«Խաղաղության պայմանագրի մասով, իհարկե, տարվա ընթացքում եղել են առաջարկների փաստաթղթի մի շարք փոխանակումներ, նաև եղել են մասնակի առանձին ձևակերպումների փոխանակումներ, եղել են պաշտոնական կամ ոչ պաշտոնական ֆորմատներում շփումներ և քննարկումներ:

Այնուամենայնիվ մենք չունենք ստորագրված փաստաթուղթ, Հայաստանն ուղարկել է իր հերթական առաջարկը և այժմ սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին։ Կհիշեք, մենք օգոստոսին առաջարկեցինք ստորագրել համաձայնություն ունեցող 13 հոդվածները և նախաբանը, ադրբեջանական կողմը սրան համաձայնություն չհայտնեց, շարունակեցինք բանակցությունները, և այս պահին 17 քննարկվող հոդվածներից համաձայնեցված են 15-ը, տեսնենք ինչպիսին կլինի ադրբեջանական կողմի պատասխանը այն երկուսի վերաբերյալ:

Մենք վստահ ենք, որ փոխընդունելի լուծումներ ենք առաջարկել ադրբեջանական կողմին, լուծումներ, որոնք հնարավորություն կտան ոչ միայն ուղղակի փաստաթուղթ ստորագրել և անցնել առաջ, այլ հնարավորինս հիմնարար և ամբողջական լուծում տալ գոյություն ունեցող խնդիրներին։

Երրորդ կոմպոնենտը, բնականաբար, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն է: Մենք հանդես ենք եկել նախաձեռնությամբ, որը «Խաղաղության խաչմերուկ»-ն է և որը, իհարկե, չի սահմանափակվում միայն Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ, այն շատ ավելի լայն միջազգային օրակարգ է ձևավորում»,- ասաց Միրզոյանը:

Նախարարը նշեց, որ «խաղաղության խաչմերուկը» ողջունվել է մի շարք միջազգային դերակատարների առանձին երկրների, կազմակերպությունների կողմից:

«Իհարկե դրա կոմպոնենտներից մեկը նաև Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն է, այս մասով ևս մենք կրկին առաջարկ ենք արել ադրբեջանական կողմին; Առաջարկը որ մենք արել ենք, հասցեագրում է բոլոր գոյություն ունեցող խնդիրները, վերաբերում է Հայաստանի հարավով անցնող երկաթուղիների ապաշրջափակմանը և բեռների տարանցմանը, և այստեղ մենք առաջարկել ենք ինչպես մաքսային, սահմանային հատման ընթացակարգերի որոշակի պարզեցում, այնպես էլ նաև նույն բեռների հավելյալ ապահովության մեխանիզմներ։ Ադրբեջանական կողմի առաջնային արձագանքը դրական տպավորություն թողեց»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031