Ռոբերտ Քոչարյանի պաշտպաները առարկում են Մարտի 1-ի գործով նրան որպես մեղադրյալ ներկայացնելուն

Հակակոռուպցիոն Քրեական դատարանում՝ Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ անցկացվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստին ներկա էին հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը, մեղադրյալներ Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը, Յուրի Խաչատուրովը, պաշտպաններ Արամ Վարդևանյանը, Արամ Օրբելյանը, Միհրան Պողոսյանը և Կարեն Մեժլումյանը։ Դատական նիստին ներկա էր նաև թարգմանչուհի Նինա Կարապետյանը։ Նիստի վերաբերյալ ծանուցվել էրն նաև թվով 112 տուժողներ, որոնցից պատշաճ ծանուցված լինելու մասին տեղեկություն ստացվել էր 28 հոգուց։ Դատական նիստին ներկա էին նաև տուժողներ։ Նիստին ներկա չգտնվող տուժողներից մեկը հայտնել էր, որ դիրքորոշում չունի և չի ցանկանում մասնակցել նիստերին։ Խնդրել էր իրեն ծանուցագրեր չուղարկել։

Դատական նիստին ներկա չէին նաև մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը և մեղադրյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։ Վերջինս գրություն էր հասցեագրել դատարանին և տեղեկացրել էր, որ առողջական խնդիրների պատճառով ժամանակավորապես բացակայելու է Երևան քաղաքից։ Անդրադառնալով այս հարցին Դատարանը նշեց, որ կարիք կա հստակեցման և բացակայությունը կհամարվի հարգելի միայն, եթե պարզաբանումներկայացվի դատարան։

Պաշտպան Արամ Օրբելյանը առարկության միջնորդություն ներկայացրեց, նշելով, որ դատական նիստերի քարտուղարը զեկուցման ընթացքում կիրառել է «մեղադրյալ» և «պաշտպան» եզրույթները, որը ենթադրում է մեղադրյալի կարգացիճակ և պատշաճ մեղադրանքի առկայություն, այնինչ, իր խոսքով՝ որևէ մեղադրանք առկա չէ։

Դատավոր Սարգիս Պետրոսյանը նշեց, որ մեկ տարի առաջ Դատարանը, առանց հարգելի պատճառի դատական նիստերին չներկայացող՝ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց հարկադրաբար դատարան ներկայացնելու մասին որոշում էր կայացրել։ Որոշման մեջմեղադրյալ ձևակերպումը ևս նշված է եղել և պաշտպանական կողմը հնարավորություն ունենալով բողոքարկել, չի արել դա։ Պաշտպաններ Օրբելյանը և Վարդևանյանը տեղեկացրին, որ չեն ստացել որոշումը։ «Դատարանը որոշումը կատարողին է ուղարկում, Դուք կատարողից ստանում եք»,- ասաց դատավոր Պետրոսյանը։ Պաշտպանական կողմը պնդեց, որ որոշումը իրենց չի տրվել և որ իրենք յուրաքանչյուր նիստի հստակ նշել են, որ եթե չկա պատշաճ մեղադրանք՝ չի կարող կիրառվել «մեղադրյալ» եզրույթը։ Խնդրեցին նաև նիստի ավարտին իրենց տրամադրել որոշման պատճենը։

Միջամտելով քննարկմանը, տուժողներից մեկը նշեց որ ՄԻԵԴ-ը կայացրել է վճիռ, ըստ որի՝ Մարտի 1-ի իրադարձությունների պատասխանատուն պետությունն էր, իսր պետության գլուխը Ռոբերտ Քոչարյանն էր։ Նրա խոսքով՝ արդեն իսկ կա ներկայացված մեղադրանք ՄԻԵԴ-ից։

Ռոբերտ Քոչարյանի չներկայանալու պատճառի մասին պաշտպամ Արամ Վարդևանյանը մանրամասներ չներկայացրեց, նշելով, որ բացահայտման ոչ ենթակա տվյալ է՝ դռնբաց դատական նիստի շրջանակներում։ Տեղեկացրեց, որ անհրաժեշտ տվյալները գրավոր կներկայացվեն Դատարանին և կողմերին։

Դատարանը նշեց, որ մեղադրյալի և պաշտպանի բացակայության պայմաններում նիստը շարունակել չեն կարող։ Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 3-ին, ժամը 10։00-ին։

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով <<Թի Էս Էս Սի Արմենիա>> ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։

Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանույան նախարարի տեղակալը-Երևանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031