Մենք՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի բնակիչներս, խոր ցավով ու անհանգստությամբ ենք արձագանքում մեր դպրոցի փակման մտադրությանը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է գյուղի բնակիչներից Ելենա Աթաբեկյանը՝ գրառումը թեգ անելով վարչապետին, կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը, Սյունիքի մարզպետին։
Նա, մասնավորապես, նշել է. «Դպրոցը պարզապես պատերի ու աթոռների հավաքածու չէ․ այն մեր մանկության հուշն է, մեր սերունդների ակունքն ու համայնքի հոգին։
Այնտեղ են հնչել առաջին այբուբենը, առաջին երազանքները, այնտեղ է ծնվել գիտելիքի հանդեպ սերը։ Դպրոցը այն լույսն է, որ ջերմացրել է մեր գյուղի սառը ձմեռները, եղել է հավատքի և ապագայի խորհրդանիշը։
Այսօր, երբ խոսվում է դպրոցի փակման մասին, մենք չենք կարող լռել։
Դա լռություն կլինի ոչ միայն մեր հանդեպ, այլև՝ մեր երեխաների, մեր նախնիների և մեր երկրի հանդեպ։
Դպրոցը փակելը նշանակում է մարել համայնքի հոգևոր ճրագը,
իսկ ճրագի մարումը՝ նշանակում է խավար մտցնել ապագայի վրա։
Մենք կոչ ենք անում բոլոր պատասխանատու կառույցներին և ղեկավարներին՝
լսել համայնքի ձայնը,
վերանայել այս ցավալի որոշումը,
և պահպանել այն սրբությունը, որն կոչվում է ԴՊՐՈՑ։
Մենք պատրաստ ենք կանգնել ուս ուսի՝ հանուն մեր երեխաների կրթության, հանուն համայնքի կյանքի շարունակության։
Որովհետև երբ փակում են դպրոցը, կանգ են առնում ոչ միայն դասերը, այլ՝ ժամանակը։
Դպրոցը մեր հիշողությունն է, մեր հույսը, մեր վաղվա օրը։
Եկե՛ք միասին պաշտպանենք այն, որպեսզի համայնքը շարունակի շնչել»։
 
								 
								 
															





































