Դուք պնդում եք անում, որ իմ խորհրդականը պարեկների է ծեծել. փորձը ցույց է տալիս, որ լրատվամիջոցները, ցավոք, ոչ միշտ են ճիշտ բաներ գրում, ես երեկ այստեղ կառավարության նիստի եմ եղել, Գյումրիում չեմ եղել, տեղեկություններ չունեմ, թե ինչ է տեղի ունեցել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, ըստ որի իր խորհրդականը պարեկների է ծեծել։
«Մամուլի գրառումն եմ տեսել, գնամ Գյումրի, կպարզեմ, կհասկանամ՝ ինչ է տեղի ունեցել ու ինչի համար է այդպես մեծ աղմուկ բարձրացել։ Ինչքան, որ զանգով տեղեկացել եմ, ճշտելու շատ ու շատ բաներ կան ու լրատվամիջոցների մեկ գրառումը հիմք չի հանդիսանում, որ ես վերլուծություն անեմ։ Այնտեղ գնալու եմ տեղում հասկանամ՝ ինչ խնդիր է տեղի ունեցել»,–ասաց նա։
 
								 
								 
															





































