Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին։
Ինչպես հայտնում են ԱՍՀՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ դիտարկվել են զբաղվածության, ժողովրդագրության, բնակարանային ապահովման և այլ ուղղություններով համագործակցության հնարավորությունները։
Նախարար Թորոսյանը ներկայացրել է ոլորտային առաջնահերթությունները՝ շեշտելով քաղաքացիների զբաղվածության ապահովմանը, աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանն ուղղված աշխատանքների կարևորությունը։ Արսեն Թորոսյանը նաև ընդգծել է սոցիալական ծառայությունների մատչելիության և արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ պետության նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ կարգավիճակից, կունենա արժանապատիվ աշխատանքի և կենսապայմանների հնարավորություն։
Ֆաբրիցիո Ձարկոնեն ներկայացրել է ՀԲ գործունեության ուղղությունները, այս պահին իրականացվող աշխատանքներն ու դրանց ընթացքը։ Նա ողջունել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականությունը, և վստահություն հայտնել, որ համատեղ ծրագրերը կնպաստեն ավելի կայուն և ներառական սոցիալական միջավայրի ձևավորմանը։
Զրուցակիցներն ընդգծել են նաև կանանց տնտեսական զորեղացման, զբաղվածության ծրագրերում նրանց ներգրավվածության հնարավորությունների կարևորությունը։
Հանդիպման ավարտին կարևորվել է համատեղ վերապատրաստումների իրականացման դերը․ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը ոլորտային տարբեր ուղղություններով։
 
								 
								 
															





































