Տարածաշրջանում բառացիորեն անցյալ տարի ականատես եղանք Ցեղասպանության, որն աշխարհն անկարող եղավ կանխել. Միրզոյան

Հայաստանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի շրջանակում ներկայացվող «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի հեղինակն է, որը վերջին անգամ ընդունվել է այս տարվա մարտ ամսին և դրա հիմնական թեմաներից մեկը եղել է հենց ցեղասպանության վաղ նախազգուշացումն ու վաղ արձագանքումն ապահովելու հարցը։

Այս մասին Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ անգամ օրեր առաջ, դեկտեմբերի 9-ին՝ ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը և անգամ դրանից 3 օր առաջ ու 3 օր հետո, աշխարհի տարբեր անկյուններում և հատկապես զինված հակամարտությունների գոտիներում աշխարհ ականատես է ցեղասպանական գործողությունների դրսևորումների, ազդակների, որոնք խոսում են մարդկության դեմ հասունացող նոր հանցագործությունների մասին։

Ըստ Միրզոյանի՝ միջազգային հանրությունը ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել և ուշադրություն դարձնել, երբ դրանք արդեն իսկ կայացած փաստեր են։

«Մեր տարածաշրջանում դրա ականատեսը եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ Հայոց ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցյալ տարի, երբ թվում էր աշխարհին տեսանելի են բավարար ռիսկի գործոններ, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքներին։

Ցավոք, մենք անկարող եղանք կանխել և այսօր ականատես ենք այդ անդառնալի հետևանքներին։ Սա այն օրինակներից է, երբ միջազգային կառույցների արձագանքը հավասարազոր չէր ռիսկի գործոններին և տեղում ստեղծված իրավիճակին։

Նշված ռիսկի գործոններից ամենաէականը` ատելության տարածումը, ի վերջո ատելության խոսքից վերածվեց հանցագործության։ Հայերի վերաբերյալ բերած օրինակը տարածվում է բոլոր այլ ցեղասպանությունների և զանգվածային ոճրագործությունների իրականացման հանգամանքների և պատճառների վրա, քանի որ այս հանցագործության հիմքերը, ռիսկի գործոնները բավականին միանման են»,- նշել է Միրզոյանը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031