Հայաստանը դիմել է Հնդկաստանին՝ իր օդուժի արդիականացման հարցով. The Print

Հայաստանը ձգտում է արդիականացնել իր ռազմաօդային ուժերը և իր ինքնաթիռների սպառազինության և պահպանման հարցով օգնություն է խնդրում Հնդկաստանից, գրում է հնդկական The Print պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրներին։

«Հայաստանի կողմից շահագործվող Су 30-ները տարբերվում են մեր գործառնություններից, ուստի պետք է տեսնենք՝ ինչ կարելի է անել: Բանակցությունները միայն սկզբնական փուլում են»,- ThePrint-ին հայտնել է աղբյուրը: «Նրանք (հայերը) ցանկանում են արդիականացնել իրենց Су 30-ները և ինտեգրել մեր զենքերը»։

Զենքը, որը Հայաստանը փնտրում է, ներառում է նաև «օդ-երկիր» դասի կառավարվող ռազմամթերք:

Լրատվամիջոցը, սակայն, նշում է, որ ոչ մի հաստատում չի ստացվել՝ Հայաստանը ցանկանո՛ւմ է ձեռք բերել BrahMos օդային արձակման հրթիռներ, թե՞ ոչ։

Աղբյուրները պարզաբանել են, որ հրթիռներ արտահանելիս կան բազմաթիվ արձանագրություններ, և շատ հարցեր անհետաձգելի կերպով պետք է լուծվեն։

«Հայաստանը 2019-ին Ռուսաստանից գնել է չորս Су 30 ինքնաթիռ, սակայն նրանք չեն մասնակցել 2020-ին Ադրբեջանի հետ արցախյան հակամարտությանը, քանի որ օդանավը չուներ կրակային հզորություն, ներառյալ՝ «օդ-երկիր» դասի կառավարվող ռազմամթերք։

Ուշագրավ է, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ ձգտում է ուժեղացնել խորհրդային ժամանակաշրջանի իր Су 25-ները»,- ընդգծում է հնդկական լրատվամիջոցը։

Ըստ The Print-ի՝ մեկ այլ ոլորտ, որը Հայաստանը դիտարկում է, Су 30-ի սպասարկումն է, ինչպես նաև օդաչուների ուսուցումը։

Ըստ պարբերականի՝ Հնդկաստանը շահագործում է մոտ 272 միավոր Су 30 MKI և կարողացել է օդանավերի որոշ բաղադրիչների տեղական արտադրություն ձեռնարկել, ինչը տեխնիկական սպասարկման և պահեստամասերի առումով օգնում է նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից։

«Ի դեպ, Հայաստանի կողմից շահագործվող չորս Су 30 ինքնաթիռները հիմնականում հայտնի են որպես «սպիտակ փղեր», քանի որ դրանցում մեծ գումարներ են ներդրվել, բայց դրանք օգուտ չեն տվել։ Մյուս կողմից, Ադրբեջանը ներդրումներ է կատարել անօդաչու թռչող սարքերի և զինամթերքի մեջ, որոնք կարողացան խափանել հայկական հակաօդային պաշտպանության բազմաթիվ համակարգեր, ինչպես նաև խոցել նրա զրահատանկային շարասյուները։

Հակամարտությունից հետո Հայաստանը Հնդկաստանի համար դարձել է պաշտպանական արտադրանքի խոշոր արտահանող և ավելի վաղ գնել է մի քանի համակարգեր, այդ թվում՝ հրետանի, ինչպես նաև հրթիռների, ականանետների, ռադարների, հրաձգային զենքերի և նշանառության համակարգեր»,- գրում է The Print-ը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031