Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցում Մյուռոնօրհնությունը վերապահված է Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Ըստ ձևավորված ավանդույթի այս սրբազան արարողությունը կատարվում է 5-7 տարին մեկ, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարող է նաև խախտվել։
Սկզբնապես Մյուռոնօրհնությունը կատավել է Ավագ Հինգշաբթի օրը, երբ Հիսուս հաստատեց Ս․ Հաղորդության խորհուրդը։ ԺԹ-րդ դարի ծիսական «Մաշտոցները» հրահանգում են, որ այն կարելի է կատարել նաև Հոգեգալստին կամ որևէ այլ պատշաճ տոնական օր։
Վերջին շրջանում Մյուռոնօրհնությունը կատարվում է Վարագա Ս․ Խաչի տոնին։ Նախորդ դարում այն կատարվել է Մայր Տաճարի ներսում կամ զանգակատան դիմաց։ 2001 թ․ սկսած այն տեղի է ունենում Ս․ Տրդատի Բաց խորանում։ Մյուռոնօրհնության օրը՝ առավոտյան, մատուցվում է Ս․ Պատարագ, իսկ երեկոյան տեղի է ունենում սրբազան արարողությունը։
Նախքան Մյուռոնօրհնությանը Վեհափառ Հայրապետը և 12 արքեպիսկոպոսներ կամ եպիսկոպոսներ զգեստավորվում են պատարագչի զգեստներով։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականների հանդիսավոր թափորի ուղեկցությամբ և ամպհովանիով Վեհարանից կամ Մայր Տաճարից «Խորհուրդ խորին» շարականի երգեցողությամբ և Մայր Տաճարի զանգերի ղողանջի ներքո ուղղվում է դեպի Բաց խորան։
Սրբազաններն իրենց հետ այդ ընթացքում տանում են հին Մյուռոնը, բալասանը և Մյուռոնի նյութերի անոթը։ Զուգահեռաբար խորանի վրա Աստվածաշնչից ընթերցումներ են կատարվում։ Առանձին աղոթքներ և ընթեցրումներ է կատարում նաև Վեհափառ Հայրապետը։
Այնուհետև Մայր Աթոռի լուսարարապետը բացում է Սրբալույս Մյուռոնի կաթսան և շարականի երգեցողության ընթացքում Հայոց Հայրապետը կաթսայի մեջ է լցնում ծաղիկներից պատրաստված խտանյութը, որից հետո նաև բալասանը։
Հին Մյուռոնը լցնում է նորի մեջ, այնուհետև երգվում է «Առաքելոյ աղաւնոյ» շարականը։
Հայոց Հայրապետը տյառնագրում և խառնում է Մյուռոնը Հայոց Եկեղեցու ավանդական երեք նվիրական սրբություններով՝ Ս․ Խաչով, Ս․ Գեղարդով և Ս․ Գրիգոր Լուսավորչի Աջով։ Կաթսան ծածկվում է նուրբ շղարշով և արարողությունն ավարտվում է «Պահպանիչ» աղոթքով։
Մյուռոնի կաթսան 7 օր շարունակ մնում է Մայր Տաճարում, որպեսզի հավատացյալները հնարավորություն ունենան այն համբուրելու և օրհնություն ստանալու։