Ուրուգվայում Հայաստանի հետ բարեկամական կապի մասին տարբեր կարծիքներ չկան։ Հայաստանին վերաբերող բոլոր հարցերը երկրի խորհրդարանում քվեարկվել են և շարունակում են քվեարկվել միաձայն՝ առանց որևէ երկրորդ տեսակետի՝ անկախ նրանից, թե ով կամ որ կուսակցությունն է ստանձնում երկրի իշխանությունը։
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում նման տեսակետ հայտնեց Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան՝ անդրադառնալով Հայաստանի և Ուրուգվայի ավանդաբար ջերմ ու բարեկամական հարաբերություններին, Հայաստան կատարած այցի նպատակներին և օրակարգին, երկու երկրների միջև համագործակցության տարբեր ոլորտներին, ինչպես նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Ուրուգվայի ունեցած դիրքորոշմանը։
Հարցազրույցն անցկացվել է օգոստոսի 31-ին, երբ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը պաշտոնական այցով Հայաստանում էր։
-Հարգելի տիկին Օլիվերա, Հայաստանն ու Ուրուգվայը մշտապես ունեցել են բարեկամական և ջերմ հարաբերություններ: Ինչպե՞ս կգնահատեք երկու երկրների միջև հարաբերությունների ներկա մակարդակը:
-Նախ, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Երկրորդ՝ կարծում եմ, որ մեր հարաբերությունների պատմության ընթացքում Ուրուգվայի և Հայաստանի միջև կապը մշտապես եղել է համերաշխության և եղբայրության կապ, և այդպես էլ շարունակվում է։ Ամբողջ աշխարհը հիշում է, որ Ուրուգվայն առաջին երկիրն էր, որը 1965 թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Ուրուգվայի գործողությունները դրանով չեն ավարտվել, քանի որ այդ գործը չսահմանափակվեց միայն ճանաչմամբ․ այդ ճանաչումից անմիջապես հետո Ուրուգվայը մասնակցել է միջազգային ատյաններում իրականացվող աշխատանքներին՝ տարածաշրջանի համար փնտրելով աջակցություն։ Միևնույն ժամանակ, տարիների ընթացքում այդ կապերն ավելի են խորացել։
Այս տարի բոլոր քաղաքական կուսակցություններն Ուրուգվայի ներկայացուցիչների պալատում միաձայն հավանություն են տվել մի օրինագծի, որի համաձայն՝ Ուրուգվայի բոլոր ռադիոկայանները և հեռուստատեսությունները պետք է ամեն տարի Հայոց ցեղասպանության տարելիցը հիշատակող ուղերձ հեռարձակեն՝ «Այլևս երբեք» կարգախոսով:
Ամեն տարի Պատգամավորների պալատում նախագահող անձն ապրիլի 24-ին ուղերձ է հղում, և այդ արարողությանը մասնակցում են պետական մարմինները, բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները և հայ համայնքը։
Հայաստանի և Ուրուգվայի հարաբերություններն էլ ավելի են ակտիվացել, քանի որ Ուրուգվայն այժմ դեսպանություն ունի Հայաստանում, իսկ Հայաստանը դեսպանատուն է բացել Ուրուգվայում։
Անցյալ տարի Հայաստանի նախագահն այցելեց Ուրուգվայ, այս տարի՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարը։ Երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ինձ Հայաստան այցելելու հրավեր արեց, ես մտածեցի, որ դա պարզապես արարողակարգային բնույթ է կրում, բայց հետո արդեն ստացա գրավոր հրավերը։ Դրանից հետո ինձ մոտ եկավ Ուրուգվայում Հայաստանի դեսպանն ու ասաց՝ եկեք նշանակենք այցելության օրը։
-Ի՞նչ գնահատականի կարող եք արժանացնել մասնավորապես հայ-ուրուգվայական միջխորհրդարանական հարաբերությունները:
-Հայ-ուրուգվայական միջխորհրդարանական հարաբերությունները ևս շատ մտերիմ եմ։ Ուրուգվայ-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խումբը շատ ակտիվ է գործում։ Բացի այդ, պետք է նաև ասեմ, որ Ուրուգվայի դեպքում մենք ունենք հայկական համայնք, որը մեծ դեր ունի երկրի կյանքում, ինչպես նաև տեղ ունի օրենսդիր իշխանությունում։
Նախօրեին երկու տարբեր հանդիպում եմ ունեցել Ուրուգվայի և Հայաստանի խորհրդարանականների բարեկամության խմբի հետ։ Հուսով ենք, որ նրանք, ովքեր չեն այցելել Ուրուգվայ, դեռ կայցելեն այնտեղ։ Մեր պատվիրակության կազմում ընդգրկված է նաև Ուրուգվայի խորհրդարանի փոխնախագահ Պեդրո Խիսդոնյանն, ով հայ է և նաև բարեկամության խմբի անդամ է։
Կցանկանայի նշել մեկ այլ բան․ Ուրուգվայում Հայաստանին վերաբերող բոլոր հարցերը երկրի խորհրդարանում քվեարկվել են միաձայն՝ առանց որևէ երկրորդ կարծիքի։ Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը, որը տեղի ունեցավ ապրիլի 23-ին, ի թիվս այլոց՝ ներկա էին նաև Ուրուգվայի նախագահն ու արտաքին գործերի նախարարը։
Ես, հանդիսանալով խորհրդարանի նախագահ, ներկայացնում եմ ընդդիմությունը, սակայն կարծում եմ, որ արտահայտում եմ Ուրուգվայի ողջ քաղաքական հանրության և Ուրուգվայի ժողովրդի զգացմունքները։ Այսինքն՝ պալատի նախագահի իմ դերը կատարել եմ։
-Արդեն երկու օր է, ինչ պաշտոնական այցով գտնվում եք Հայաստանում։ Մանրամասնեք, խնդրեմ, այցի նպատակը և դրա օրակարգը:
-Նպատակն առաջին հերթին մեր երկրների կապերն ամրապնդելն է։ Բայց կարծում եմ, որ ի լրումն այդ ամենի՝ կարևոր է վերջին իրադարձությունների մասին դեմ առ դեմ խոսելու հնարավորությունը․ խոսել անցյալ տարվա սեպտեմբերին կատարվածի մասին, խոսել Արցախի մասին։
Երեկ օրվա վերջում հնարավորություն ունեցանք հանդիպել տեղահանվածներից մի քանիսի հետ։
Բայց, միևնույն ժամանակ, այցի ընթացքում ցանկանում ենք խոսել ապագայի մասին։ Շատ առիթներ եղան զրուցելու։ Պատիվ զգացինք, որովհետև մեզ ընդունեցին Հայաստանի վարչապետը, նախագահը, Ազգային ժողովի նախագահը: Ինչպես արդեն նշեցի՝ նաև խորհրդարանական բարեկամական խմբի անդամները։ Հանդիպեցինք նաև Արցախի փախստականներին։ Բացի այդ, մեր պատվիրակությանն ընդունեց նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարը։
Այս բոլոր հանդիպումներում նկատեցինք առաջ գնալու կամք և պատրաստակամություն։ Մեզ հետ էր նաև Ուրուգվայում Հայաստանի դեսպանը, ով իր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում արդեն իսկ իրականացրել է բազմաթիվ աշխատանքներ, որոնք առնչվում են մշակույթին։ Ինչպես նշեցի, հայ համայնքը շատ ակտիվ է մեր երկրի ողջ կյանքում։ Մենք ունեցել ենք համալսարանի հայ ռեկտոր, այսօր ունենք փոխնախարար, պատգամավորներ, երաժիշտներ, արվեստագետներ, բոլոր մասնագիտությունների գծով անձինք։
Ուրուգվայի հայ համայնքը միշտ ներկա է երկրի կյանքում և, հետևաբար, ջերմ կերպով ողջունել է Հայաստանի դեսպանատան ներկայությունը:
Այցի ընթացքում ունեցած հանդիպումներում քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են սոցիալական և մշակութային գործունեության զարգացմանը, ինչպես նաև մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը։
Ապագայի մասին մտածելով՝ խոսակցություններում անդրադարձել ենք նաև նրան, թե ինչպես կարող ենք զարգացնել զբոսաշրջությունը, խոսեցինք սպորտի մասին, այսինքն՝ նպատակ ունենք ընդգրկել հարաբերություններում առկա ամբողջ ներուժը և առաջընթաց գրանցել համագործակցության տարբեր ոլորտներում։
Թեև ես Կառավարության մաս չեմ կազմում, բայց Պալատի փոխնախագահը իշխող կուսակցության ներկայացուցիչ է, և այցի ընթացքում այս ու այլ հարցերի շուրջ հանդիպումներ է ունեցել։
-Ըստ Ձեզ՝ որո՞նք են այն ոլորտները, որոնք երկու երկրների միջև հարաբերությունների և համագործակցության զարգացման ու խորացման առումով ներկայացնում են առավել մեծ հետաքրքրություն:
-Կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք առաջ շարժվել, բայց հստակ մտադրություն կա ուսումնասիրելու, թե ինչպես ակտիվացնենք զբոսաշրջությունը և առևտրաշրջանառությունը մեր երկրների միջև:
Ուրուգվայն արդեն հայկական ապրանքներ է ստանում, բայց հետաքրքրություն կա Հայաստանից նաև այլ ապրանքներ արտահանել Ուրուգվայ, որոնցից են, օրինակ, չրերը։
Այս ընթացքում Ուրուգվայում ՀՀ դեսպանը Մոնտեվիդեոյում մասնակցել է մի շարք տոնավաճառների և ցուցահանդեսների՝ ցուցադրելով հայկական սուրճը և այլ ապրանքներ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում և կարող են ներմուծվել մեր երկիր։
Իսկ զբոսաշրջության հետ կապված, ակնհայտ է, որ հայ համայնքի ներկայացուցիչները ճամփորդում են, բայց զբոսաշրջությունը զարգացվում է ոչ միայն նրա համար, որ համայնքը ճանաչի իր հայրենիքը, այլ նաև նրա համար, որ, ընդհանուր առմամբ, քաղաքացիները ճանաչեն երկու երկրները։
-Սկսած 2021 թվականից՝ Ադրբեջանը մի քանի անգամ ռազմական հարձակում իրականացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և մինչ օրս հրաժարվում է դուրս գալ այդ հարձակումների հետևանքով օկուպացրած տարածքներից: Ի՞նչ գնահատական է տալիս Ուրուգվայը տարածաշրջանում վարվող ադրբեջանական այս ագրեսիվ քաղաքականությանը:
-Մենք մեր կարծիքն արտահայտեցինք իմ կողմից նշված ապրիլի 23-ի այդ միջոցառմանը՝ ողջ կառավարության ներկայությամբ՝ մատնանշելով երկու բան.
Ապրիլի 24-ն այն օրն էր, երբ մենք պատրաստվում էինք ոգեկոչել մի գործընթաց, որը կապված էր հայ ժողովրդի հետ, և որի ընթացքում տեղի էր ունեցել հայ ժողովրդի բնաջնջումը կամ բնաջնջման փորձը։
Ցեղասպանությունը ոչ միայն ֆիզիկապես ժողովրդին ոչնչացնելու համակարգված պլանն է, այլև նրա մշակույթը, նրա միտքը ոչնչացնելու պլանն է: Կարծում եմ՝ հեղինակները չկարողացան հասնել այդ նպատակին, բայց կան զոհեր և մեծ թվով մարդիկ, որոնք ցրվել են աշխարհով մեկ, դրա համար էլ մենք ունենք աշխարհով մեկ սփռված հայ համայնքներ, որոնք, ինչպես ես եմ սիրում ասել մի բանաստեղծի խոսքերը՝ «տարել են աղյուսը մեջքին՝ աշխարհին ցույց տալու, թե ինչպիսին էր նրանց տունը»: Կարծում եմ, որ այդ պահին մենք ասացինք, կարծես թե, բնաջնջումը շարունակվում է, խոսեցինք կատարվածի մասին, 120 հազար հայերի, նրանց ընտանիքների մասին…
Այս տարվա ապրիլի 23-ի միջոցառմանն Ուրուգվայն իր կարծիքը հայտնել է։ Մենք նկատում ենք, որ հայ ժողովրդին բնաջնջելու այդ մտադրությունը շարունակվում է, սակայն տեսնում ենք, որ այդ նպատակը հետապնդողներին չի հաջողվել հասնել դրա իրագործմանը։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն այդ նույն նպատակներից, կարծես թե, դեռևս չի հրաժարվել, սակայն Ուրուգվայն իր համերաշխությունն է ցուցաբերում Հայաստանին։
Ոչ մի ժողովուրդ չի կարող այլ բան փնտրել, քան խաղաղությունը, և այս միտքն է մեզ փոխանցվել այս օրերին։ Իհարկե, այդ ուղերձով էլ վերադառնում ենք Ուրուգվայ։
-2023 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների և ռազմական գործողությունների հետևանքով տեղի հայ բնակչությունը ստիպված եղավ լքել իր հազարամյա հայրենիքը: Ո՞րն է Ուրուգվայի դիրքորոշումն այս իրադարձությունների վերաբերյալ, և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի ԼՂ-ի հայ բնակչությունը կարողանա վերադառնալ իր պատմական հայրենիք:
-Կդժվարանամ ասել, թե որոնք են այդ միջոցները։ Տարբեր բան է ցանկությունների արտահայտումը և այլ բան է իրականությունը։
Իհարկե, այն ինչ կատարվեց Արցախում, խորը ցավով ընդունվեց Ուրուգվայում։
Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի հետ զրույցում միանշանակ հուզվեցինք ներկայացված համընդհանուր և անձնական պատմություններից։
Այլ բան է, թե ինչ է արվում այսօր՝ տեսնելու, թե իրականում ինչ հնարավորություններ կան Ադրբեջանի հետ սահմանների հարցում։ Մենք Հայաստանի կողքին ենք լինելու և ուշադիր հետևելու ենք այդ գործընթացներին։
Հենց այդ առաքելությամբ ենք մենք վերադառնում՝ հասկանալով տեղի ունեցողի բարդությունը։ Միևնույն ժամանակ, կա մի բան, որը չպետք է կասկածի տեղիք տա՝ Հայաստանի ինքնիշխանությունը և խաղաղության հասնելու ձգտումը։
-Վերոնշյալ իրադարձությունների հետևանքով Ադրբեջանը գերեվարեց նաև Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական և ռազմական ղեկավարության անդամներից մի քանիսին։ Տիկին Օլիվերա, կարծիքներ կան, որ Բաքվում տեղի ունենալիք COP29-ին ընդառաջ Ադրբեջանը պետք է ազատ արձակի անազատության մեջ պահվող հայերին, քանի որ ենթադրվում է, որ այդ գագաթաժողովից հետո Բաքուն ավելի սանձարձակ կդառնա, իսկ գերեվարված հայերին վերադարձնելն ավելի կբարդանա։ Այս առումով ի՞նչ կասեք, ո՞րն է Ուրուգվայի դիրքորոշումն այս հարցի շուրջ։
-Առաջին հերթին, սրա մասին մեր հանդիպումներում ոչ պաշտոնական ձևաչափով զրույցներ ունեցել ենք: Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունը չի պատրաստվում իր ջանքերը խնայել այդ բանտարկյալների ազատությանը հասնելու համար։ Իսկ թե ինչպիսին է լինելու Ադրբեջանի վերաբերմունքը, ես չգիտեմ։ Կարծում եմ, որ այս պահին երկխոսության որոնում կա դեպի խաղաղություն, անշուշտ, սա է այս խոսակցություններն իրականացնողների մտադրությունը։ Քանի որ, որքան հասկանում ենք, հույսը կորած չէ, բայց նաև հեշտ չէ դրան հասնելու ճանապարհ գտնելը։
-Տիկին Օլիվերա, արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ բանակցություններ են վարում, ամիսներ առաջ երկու պետությունների միջև պետական սահմանի սահմանազատման շուրջ համաձայնություն ձեռք բերվեց, ինչի արդյունքում սահմանի մի որոշ հատվածի սահմանազատում տեղի ունեցավ: Ինչպե՞ս կգնահատեիք այդ բանակցությունները և, ընդհանրապես, ինչ տեսակետ ունի Ուրուգվայը Երևանի և Բաքվի միջև ընթացող բանակցությունների վերաբերյալ:
-Ես կարող եմ իմ կարծիքը հայտնել ըստ այն ամենի, ինչի մասին մենք խոսել ենք այս օրերին և պատրաստվում ենք այն փոխանցել Ուրուգվայ ժամանելուն պես։ Ճշմարտությունն այն է, որ դա եղել է այն հարցերից մեկը, որը մենք փորձել ենք խորապես հասկանալ։
Զրույցները եղել են շատ անկեղծ, և մեզ հստակ արտահայտել են այն միտքը, որ սահմանագծման հարցը մեծ կարևորություն ունի։ Անկասկած, կարծում եմ, որ սա Հայաստանի ինքնիշխանության հիմնարար խնդիր է: Ես իմ անձնական կարծիքն եմ հայտնում, բայց չեմ կարծում, որ Ուրուգվայում երկու տարբեր կարծիքներ կան այս մասին։
-Հարգելի տիկին Օլիվերա, մոտ ապագայում սպասվո՞ւմ են արդյոք բարձրաստիճան այլ այցելություններ Ուրուգվայի և Հայաստանի միջև:
-Ասեմ, որ Ուրուգվայում մենք նախընտրական քարոզարշավի մեջ ենք։ Հոկտեմբերի 27-ին ընտրություններ են, բայց ով էլ հաղթի ընտրություններում, Հայաստանի հետ կապի մասին տարբեր կարծիքներ չեն լինի:
Իհարկե, կարծում ենք, որ երկրների միջև փոխադարձ այցերը պետք է խորացնել։ Կցանկանայի, որ հնարավոր լիներ ավելի մեծ պատվիրակությամբ գալ, բայց ընտրություններին այդքան մոտ հեշտ չէր դա իրականացնելը։ Այնուամենայնիվ, շատ մեծ պարտավորություն զգացինք լինել այստեղ մի ներկայացուցչությամբ, որն արտացոլում է Հայաստանի հետ մեր կապերի վերաբերյալ Ուրուգվայում առկա կարծիքների միասնությունը:
-Կցանկանայի՞ք ինչ-որ բան հավելել։
-Աշխատանքային այս հագեցած օրերից հետո մենք ծանոթացանք Հայաստանին՝ արդեն այլ կողմերից: Մեր պատվիրակությունը եղել է Հանրապետության հրապարակում, որն իսկապես հրաշալի էր։ Այսօր մենք այցելելու ենք Մատենադարան, որից հետո կլինենք Սևանում և Գառնիում։ Հուսով ենք, որ հաջորդ անգամ կկարողանանք ավելի երկար մնալ այստեղ:
Ցանկանում ենք մեր անկեղծ զգացմունքները, սերը և համերաշխությունը փոխանցել Հայաստանին և հայ ժողովրդին։