Ինչ են քննարկել ՔՊ-ի փակ նիստում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է․

Չնայած Հայաստանի առջեւ ծառացած բազում մարտահրավերներին, անվտանգային խնդիրներին, Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամ տեւող կուսակցական նիստեր է հրավիրում եւ քննարկում ներկուսակցական, կազմակերպչական հարցեր՝ տարածքային կառույցների լուծարում, նորերի ձեւավորում, «ռակիրովկաներ» կամ էլ` թթվասերի տիպի երկրորդական, երրորդական նշանակության հարցեր քննարկում։ Նախօրեին էլ Նախաձեռնող խմբի մոտ երեք ժամանոց նիստին ՔՊ-ականները` Փաշինյանի գլխավորությամբ, քննարկել են առողջապահության ոլորտին վերաբերող խնդիրներ, գլխավորապես՝ Հայաստանում առաջիկայում ներդրվելիք պարտադիր բժշկական ապահովագրության թեման։

Ի դեպ, այս հարցը դեռ նախորդ նիստի օրակարգում է եղել, սակայն Փաշինյանն անցած նիստը սկսելուն պես անակնկալ փոխել էր օրակարգը՝ առաջարկելով քննարկել Հայաստանի արտաքին քաղաքական տեսլականը՝ Եվրոպա՞, Ռուսաստա՞ն, թե՞ տարածաշրջանային զարգացումներ՝ «Ռուսաստան-Իրան-Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան» ֆորմատով, թեպետ կուսակիցներին հիմնավոր բացատրություն չէր տվել այդ անակնկալ որոշման համար: Հաջորդ օրերին արդեն պարզ դարձավ, որ Փաշինյանն այդ քննարկմամբ հող է նախապատրաստել օրեր անց կայացած Հայկական ժողովրդավարության համաժողովի ժամանակ մի հայտարարություն անելու համար: Հիշեցնենք, որ նա այդ համաժողովի ժամանակ հայտարարեց, որ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու արեւմտամետների առաջարկը մերժման ենթակա է` հանրաքվե չի լինելու: Այսինքն՝ ՔՊ-ի կոլեկտիվ պատասխանատվության հարցն է առաջ տարել՝ ցույց տալով, որ ինքը միանձնյա չորոշեց, այլ կուսակիցների կարծիքները հաշվի առավ։

Իրավիճակի հետ ուղիղ աղերս չունեցող թեմաներն օրակարգ բերելով՝ Նիկոլ Փաշինյանը թերեւս իր ընդդիմախոսների եւ հրաժարականը պահանջողների մոտ փորձում է ինքնավստահ երեւալ, թե իբր ոչինչ չի եղել, կյանքը բնական հունով շարունակվում է, շարժումն էլ չի խախտել իշխանության անդորրը, իրենք գործում են ըստ իրենց օրակարգի։

Վերադառնալով նախօրեի նիստին. բավականին բուռն քննարկում է ծավալվել առողջապահության թեմայով, ՔՊ-ականները դժգոհել են նախարարության ներկայացրած պարտադիր ապահովագրության ծրագրից՝ բազմաթիվ խութեր ու վտանգներ մատնանշելով։ Հիշեցնենք․ ծրագիրն այս տարվա հուլիսից կգործի հանրության որոշ խմբերի համար, իսկ ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2027 թվականից։

Որոշ իշխանականներ քննադատել են կառավարության՝ մարդկանց թալանելու մտադրությունները։ Նախարարը տեղեկացրել է, որ տարեկան յուրաքանչյուր քաղաքացի, իրենց հաշվարկով՝ մոտ 200 հազար դրամ կվճարի` որպես պարտադիր ապահովագրության վճար։ ՔՊ-ականներից մի քանիսն առարկել են, որ գերատեսչության կատարած հաշվարկը, մեղմ ասած, ուռճացված է, քանի որ տարեկան կտրվածքով մի հոգու բուժզննության եւ թեթեւ հիվանդությունների բուժման համար մի քանի անգամ պակաս ծախս կպահանջվի, սակայն նախարարն իրենն է պնդել: ՔՊ-ականները կրկին հակադարձել են՝ զգուշացնելով, որ նման բարձր շեմ սահմանելը հերթական բողոքի ալիքն է բարձրացնելու, եւ այդ բողոքը կլինի օբյեկտիվ, ինչպես հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման պարագայում եղավ, քանի որ կյանքը ցույց է տալիս, որ ցայսօր էլ 100 դրամ ուղեվարձով գծատերերը մեծ շահույթներ են ստանում։

ՔՊ-ականների տեսակետներն ամբողջացրել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ըստ էության հաստատելով, որ կառավարությունը մոտ 50 տոկոսով ուռճացրել է գումարի չափը: Նա ասել է, որ գերատեսչության մասնագետների հաշվարկները կանգնել են 120 հազար դրամի վրա։ Սակայն գումարի չափից ոչ կարեւոր վտանգավոր է նաեւ այն, որ կառավարությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որոշել է, որ ապահովագրական ֆոնդերը պետք է լինեն ոչ թե մասնավորի ձեռքում, այլ՝ պետության։ Իսկ սա նշանակում է, որ չի լինելու պատշաճ վերահսկողություն, եթե չասենք` հակառակը, ֆոնդերի պատասխանատուներն անխնա կարող են վատնել բյուջեն։ Դիցուք՝ եթե մասնավորն իրականացներ պարտադիր ապահովագրություն, ապա քաղաքացուն կստիպեր, ասենք, եռամսյակը մեկ պարտադիր բուժզննում անցնել, որ անակնկալ կերպով առողջական ծանր խնդրի, հետեւաբար՝ մեծ ծախսերի առջեւ չկանգնի, ընկերությունն էլ ստիպված չլինի մեծ գումարներ տրամադրել: Իսկ եթե քաղաքացին հրաժարվի բուժզննությունից, կարող է զրկվել որոշակի ժամանակ փոխհատուցումից։ Մինչդեռ պետական կառավարման դեպքում՝ հաշվի առնելով մեր մենթալիտետը, չի լինելու նման վերահսկողություն, ճիշտ հակառակը՝ կոռուպցիայի առջեւ լայն ճանապարհ է բացվելու, եւ մի խումբ մարդիկ քաղաքացիների առողջության քողի ներքո միլիարդներ են բյուջեից դուրս գրելու։ Նիստի ժամանակ այս բոլոր վտանգների մասին բարձրաձայնել է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: ՔՊ-ականները զարմացել են՝ չնայած Ծովինարը կետ առ կետ հանգամանալից ներկայացրել է ռիսկերը, սակայն Փաշինյանը մնացել է նույն կարծիքին, որ ճիշտը պետական կառավարումն է:

Ի դեպ, ամբողջ աշխարհում պարտադիր ապահովագրությունը մասնավոր ընկերություններն են իրականացնում։ Անգամ առաջարկել են ընտրովի դարձնել՝ ով կուզի, թող մասնավոր ֆոնդի դիմի, ով չէ` պետական, սակայն այս առաջարկն էլ չի ընդունվել։ Փաշինյանն անհեթեթ հիմնավորում է ներկայացրել, թե պետական կառավարման դեպքում գումարներ կմտնեն հիվանդանոցներ, իսկ մասնավորն ամեն ինչ կանի, որ չլինի այդպես։ Քննարկումը չի ավարտվել, պայմանավորվել են շարունակել հաջորդ նիստին։

Մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30