Այստեղ գտնվելն իսկապես ֆանտաստիկ է․ դու իսկապես զգում ես պատմությունը, մշակույթը, ջերմ ընդունելությունն ու հյուրընկալությունը։ Այս մասին մայիսի 4-ին Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
Նա նշեց, որ գագաթնաժողովի շատ մասնակիցներ առաջին անգամ են այցելում Հայաստան, և ինքը ևս նրանց թվում է, ու շնորհակալություն հայտնեց Հայաստանին ջերմ ընդունելության համար։
Սթարմերը նշեց, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը շատ լավ հնարավորություն է այս կազմով հավաքվելու, քննարկելու և դիտարկելու այն մարտահրավերները, որոնք կանգնած են մեր բոլորի առաջ՝ տնտեսության, էներգետիկայի և անօրինական միգրացիայի ոլորտներում։
«Բայց ներկայիս գագաթնաժողովի համատեքստում ես կուզենայի ասել հետևյալը։ Ֆոնը և ընդհանուր իրավիճակը փոխվել են․ այժմ մենք ականատես ենք երկու ճակատով պատերազմի և փաստացի արդեն մտնում ենք Ուկրաինայում պատերազմի հինգերորդ տարին։ Զուգահեռաբար շարունակվում է նաև Իրանի շուրջ հակամարտությունը, և այս երկու գործընթացներն էլ ազդում են մեզ բոլորիս վրա»,- ասաց նա։ Սթարմերը հավելեց, որ դրա հետևանքները նյութական առումով շատ զգալի են, սակայն պատերազմների ազդեցությունը միայն տնտեսական չէ։
«Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում նույնպես տեղի են ունենում Ռուսաստանի և Իրանի կողմից կազմակերպվող պրոքսի-հարձակումներ մեր փողոցներում, ինչպես նաև կիբերհարձակումներ։ Սրանք հեռավոր և վերացական սպառնալիքներ չեն․ դրանք շատ իրական են։ Եվ մենք, ինչպես միշտ, Վլադիմիրի (Զելենսկու) կողքին ենք և աջակցում ենք նրան»,- ասաց Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Ներկայիս պատերազմների երրորդ ազդեցությունը, հավելեց նա, այն է, որ «որոշ դաշինքներ, որոնցից մենք անցյալում կախված էինք, այսօր այլևս այնպիսին չեն, ինչպիսին կցանկանայինք տեսնել»։
«Դաշինքների ներսում ավելի շատ լարվածություն կա, քան պետք է լինի, և շատ կարևոր է, որ մենք՝ որպես պետությունների խումբ, միասին դիմակայենք դրան։
Մարտավարական մակարդակում, իմ կարծիքով, մենք բավական լավ ենք աշխատում։ Ուկրաինայի հարցով «կամավորների կոալիցիան» ձևավորվել է և պահպանվում է որպես պետությունների խումբ՝ մեկ ընդհանուր նպատակով՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովում։
«Կամավորների կոալիցիան» երկրներ են, որոնք ցանկանում են միասին աշխատել մեկ ընդհանուր նպատակի համար։ Կա քաղաքական համաձայնություն և բավական խորը ռազմավարական համատեղ պլանավորում։
Այդպիսի մոդելն այն նույն մոդելն է, որը մենք կիրառում ենք նաև այլ ձևաչափերում՝ երկրների փոքր-ինչ այլ կազմով, բայց նույն նպատակով»,- ասաց Սթարմերը։






































