Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացն ավելի արագ է ընթանում, քան Թուրքիայի հետ․ Ռուբինյան

Պետք է խոստովանեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ է անցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումից, և դա լավ է, բայց ես կարծում եմ, որ մենք պատմական հնարավորություն ունենք էլ ավելի մեծ առաջընթացի հասնելու համար։ Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից։ Այս մասին մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն – 2026» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ լավ նորությունն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորվում են, թեև մինչև անցյալ տարվա օգոստոս ընկած ժամանակահատվածում երկրների միջև հակամարտություն է եղել։

Նա հավելել է, որ այդ ժամանակից ի վեր բազմաթիվ անհավանական բաներ են տեղի ունեցել. արդեն ավելի քան երկու տարի է՝ հայ-ադրբեջանական սահմանին ոչ մի զինվոր կամ զինծառայող չի զոհվել որևէ կողմից։ «Բացի այդ, սկսած անցյալ աշնանից, Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվող երկաթուղային տարանցման բոլոր սահմանափակումները, ինչը հսկայական քայլ է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, քանի որ գրեթե երեք տասնամյակ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան գնացքներ չէին աշխատում։ Մենք նաև ուղղակի առևտուր ենք սկսել Ադրբեջանի հետ։ Հայաստանն արդեն իսկ նավթամթերք է ներկրում Ադրբեջանից։ Կրկնում եմ՝ սա նախկինում աներևակայելի էր։ Այժմ քննարկումներ են ընթանում նաև փոխադարձ գործարար նախաձեռնությունների իրականացման շուրջ»,- նշել է Ռուբինյանը։

Հատուկ ներկայացուցիչը շեշտել է, որ դրան զուգահեռ դիտվում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց, որը սկսվել է դեռևս 2022 թվականի սկզբին։ «Մենք կարծում ենք, որ եկել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում մեծ դրական քայլեր անելու ժամանակը, սակայն դա չի նշանակում, թե ոչինչ տեղի չի ունենում։ Ստամբուլի և Երևանի միջև վերսկսվել են ավիաչվերթները, թուրքական ավիաընկերությունները սկսել են թռիչքներ կատարել դեպի Երևան։ Քննարկումներ են ընթանում մեր երկրների միջև չվերթների քանակն ավելացնելու շուրջ։ Մենք մեր երկրների միջև հաստատել ենք ուղիղ օդային բեռնափոխադրումների առևտուրը։ Երեկ մենք ստորագրեցինք Անիի պատմական կամրջի համատեղ վերակառուցման կամ վերականգնման մասին արձանագրությունը», — եզրափակել է Ռուբեն Ռուբինյանը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031