Երևանում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը հանդես է եկել ոչ տարածաշրջանային ուժերի միջամտության դեմ

Դիվանագիտական ծառայության 40 տարիները և տարածաշրջանի իմ խորը գիտելիքները ստիպում են ինձ որոշակի կասկածանքով վերաբերվել հենց տարածաշրջանին արտաքին միջամտությանը։ Այս մասին մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

«Հաշվի առնելով այս առումով պատմական օրինակները՝ մենք չպետք է թույլ տանք երրորդ կողմերին կամ որևէ մեկին օգտագործել տարածաշրջանի ռազմավարական շահերը իրենց կարճաժամկետ տակտիկական նպատակների համար։

Նա հավելել է, որ TRIPP նախագիծը ցույց է տալիս ԱՄՆ-ի կողմից շատ կառուցողական մոտեցում, և նրանց ներդրումը օգոստոսի 8-ի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնություններում շատ կարևոր է։

«Բայց ես կարող եմ բերել նաև այլ օրինակներ, երբ արտաքին ազդեցությունը նույնպիսի ներդրում չի ունեցել։ Տարածաշրջանային երկրները գիտեն իրենց խնդիրները և գիտեն իրենց խնդիրների լուծումները։ Եվ երբ նրանց այս առումով օգնություն է պետք, իհարկե, նրանք կարող են դիմել արտաքին ուժերի օգնությանը։ Օրինակ՝ կարող են լինել որոշակի տնտեսական կարիքներ, որոնք տարածաշրջանային երկրները չեն կարող ինքնուրույն բավարարել։ Այս իմաստով, իհարկե, նրանց անհրաժեշտ է արտաքին օգնություն։

Երբ մենք սկսում էինք Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացը, ես բազմաթիվ առաջարկներ արեցի իմ հայ գործընկերոջը, և դրանցից ոչ մեկը միտված չէր Թուրքիային օգուտ բերելուն։ Իմ գլխավոր նպատակը հայ ժողովրդի բարեկեցությանն ու ավելի լավ ապագային նպաստելն էր։ Ես ապրել եմ հայ ժողովրդի մեջ Լոս Անջելեսում, երբ այնտեղ աշխատում էի, այնուհետև՝ Բեյրութում։ Ես և Ռուբեն Ռուբինյանը փոխըմբռնում ունենք, որովհետև մենք նույն մշակույթից ենք։

Տարածաշրջանային խնդիրների ցանկացած լուծում պետք է բխի հենց տարածաշրջանից։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես ենք մենք պատրաստվում ապահովել հանրային աջակցությունը, ապա այստեղ ամեն ինչ տնտեսության մասին է։ Եթե մարդիկ զգան, որ տրանսպորտային հասանելիությունն ու այդ հասանելիության շրջանակում իրականացվող նախագծերը կնպաստեն իրենց կյանքի, եկամուտների և իրենց ու իրենց ընտանիքների համար ավելի լավ ապագայի բարելավմանը, ապա, իհարկե, նրանք կաջակցեն դրան։ Բայց նրանք չպետք է գերավճար կատարեն։ Տրանսպորտային հասանելիությունը չպետք է բեռ լինի նրանց համար։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում, իհարկե, դա կնպաստի փոխըմբռնմանը, տնտեսության զարգացմանը և տարածաշրջանում մնացած ամեն ինչին», — նշել է Քըլըչը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031