Վենեսուելայի Ազգային ասամբլեայի նախագահ Խորխե Ռոդրիգեսը հայտնել է, որ հունիսի 24-ին գրանցված երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի, հաղորդում է Ultimas Noticias-ը։
Նրա տվյալներով՝ վիրավորում է ստացել 11 հազար 267 քաղաքացի, իսկ 12 հազար 841 մարդ մնացել է անօթևան կամ լուրջ վնասներ է կրել տների ավերման հետևանքով։ Նա նաև հստակեցրել է, որ ուղղակի և անուղղակի կերպով տուժածների ընդհանուր թիվը (ներառյալ նյութական, ֆիզիկական և հոգեբանական հետևանքները) կազմում է 26 հազար 403 մարդ։
Ռոդրիգեսը հայտնել է, որ փրկարարական և վերականգնողական աշխատանքներում ներգրավված են զինված ուժերի, ոստիկանության, հրշեջ և փրկարարական ծառայությունների շուրջ 26 հազար աշխատակիցներ, ինչպես նաև լոգիստիկ խնդիրներ իրականացնող 17 հազար կամավորներ։
Առողջապահության ոլորտում, ըստ նրա, բժշկական օգնություն ստացած 17 հազար 26 մարդուց 4565-ը հոսպիտալացվել են, իսկ 13 հազար 942 բուժառոի վիճակի բարելավումից հետո արդեն դուրս է գրվել։
Նա հայտարարել է նաև, որ երկրում գործում է տուժածների համար նախատեսված 25 ժամանակավոր ճամբար՝ 13-ը Լա Գուայրա նահանգում, 8-ը՝ Կարակասում, 2-ը՝ Միրանդայում, 1-ը՝ Կարաբոբոյում և 1-ը՝ Յարակույում։ Այդ տեղակայման կետերում կազմակերպված են սննդի մատակարարումներ, բժշկական օգնություն և կենցաղային տարրական պայմանների ապահովում։
Իշխանությունները շարունակում են տուժած ընտանիքների վերաբնակեցման գործընթացը կազմակերպված ժամանակավոր ճամբարներում, որտեղ նրանց տրամադրվում են անհրաժեշտ ծառայություններ, ներառյալ սնունդ, բժշկական տեսակավորում և կենցաղային տարրական պայմաններ։






































