Բոլորովին վերջերս հանգամանքների բերումով հայտնվեցի մի իրավիճակում, որ կրող դարձա մի ինֆորմացիայի, որի հետ կապված պետք է մտածեի՝ ինչպես վարվեմ։ Իրավիճակը հետևյալն էր. ես տեղեկացա, որ մի երիտասարդ կին ենթարկվել է ամուսնու կողմից բռնության, իսկ ավելի կոնկրետ՝ ծեծի։
Այս մասին սոցցանցի իր էջում րապարակված տեսանյութում պատմել է Աննա Հակոբյանը։
«Բնականաբար, իմ հորդորն էր դիմել ոստիկանություն, բայց նաև ակնհայտ էր, որ տվյալ կինը ուղղակի վախենում է դիմել ոստիկանություն. վրեժխնդրությունից է վախենում։
Իմ պատասխանատվությունը, սոցիալական պատասխանատվությունը, որպես կին կնոջն ուղղված սոլիդարությունը և կարեկցանքը, և պարտքի զգացողությունը առհասարակ ինձ ստիպեց գործողություններ ձեռնարկել։ Ինչի՞ ականատես եղա և ինչի՞ հանդիպեցի այդ ընթացքում․ օրինակ՝ հաղորդում ներկայացնելու ժամանակ իրավապահ համակարգի ներկայացուցիչները բավական ագրեսիվ ձևով հարց էին ուղղում՝ արդյո՞ք նա չի պատրաստվում հետ կանգնել կամ կհաստատի՞ տվյալ տեղեկատվությունը, որ ինքը բռնության է ենթարկվել, ծեծի է ենթարկվել ամուսնու կողմից։ Հարցեր էին հիպոթետիկ հնչում՝ «իսկ եթե ինքը քննիչին ասի, որ ոչ, նման բան չկա»։
Ես ինքս ինձ էի հարց տալիս. եթե կինը, որը այնքան անպաշտպան է, որ պարբերաբար ծեծի է ենթարկվում ամուսնու կողմից, այնքան անպաշտպան է, որ անձամբ դժվարանում է դիմել իրավապահներին, այնքան անպաշտպան է, որ վախենում է, թե միևնույն է ամուսինը կհասնի իրեն և վրեժ կլուծի իր քայլերի համար, հիմա կանգնած է ընտրության առաջ, իրավապահների կողմից ճնշման առաջ՝ անպայման հաստատել տվյալ տեղեկատվությունը, ամուսնու հետ առերեսվել և այլն։ Եթե ակնհայտ է բռնությունը, ակնհայտ են ծեծի հետքերը, առողջությանը հասցված վնասները, բայց նաև ակնհայտ է, որ վախի ազդեցության տակ կինը հրաժարվում է հաստատել և ասում է՝ «ոչ, ընկել եմ, սայթաքել եմ», ի՞նչ ենք անում մենք և ի՞նչ է անում իրավապահ համակարգը»,- պատմել է Հակոբյանը։






































