Սահմանադրական դատարանին չեն ներկայացվել ապացույցներ այն մասին, որ խախտումներ ընդհանրապես եղել են կամ տեղի են ունեցել այնպիսի ծավալով, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Այս մասին ՍԴ նիստում հայտարարել է որպես երրորդ կողմ ներգրավված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա նշել է, որ ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել զուտ ենթադրությունների հիման վրա։ Վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ պնդումները Գալյանը անհիմն է համարել՝ հավելելով, որ հակառակ դեպքում կառավարությունը պարզապես պետք է դադարեցներ երկրի կառավարումը։ Միևնույն ժամանակ, նա ընդդիմությանը մեղադրել է ընտրակաշառք բաժանելու մեջ։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ԿԸՀ պաշտոնական արդյունքներին չսպասելու և սեփական հաղթանակը հայտարարելու քայլին՝ նախարարն այն կապել է հայցվոր ուժերի որոշ առաջնորդների նմանատիպ հայտարարությունների հետ՝ հեգնելով, որ ընդդիմությունն, ըստ ամենայնի, այդ պահին արդեն հաշվարկել էր իր բաժանած կաշառքները։
Գալյանը վստահեցրել է նաև, որ որևէ ապացույց չի ներկայացվել այն մասին, թե «ՔՊ»-ն գերազանցել է ընտրական ծախսերի թույլատրելի սահմանաչափը։ Ատելության խոսքի վերաբերյալ մեղադրանքները նա անտրամաբանական է որակել՝ կրկնելով, որ հնչած «սուր» խոսքերը չեն վերաբերել քաղաքացիներին։ Փոխարենը նա շեշտել է, որ հենց ընդդիմությունն է տարածել «ծայրահեղական պնդումներ», օրինակ՝ «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» հետևանքների մասին։ Ելույթի վերջում Գալյանը հայտարարել է, որ հայցվորներից որոշները փորձել են տապալել սահմանադրական կարգը, սակայն այդ փորձը կանխվել է ժողովրդի կողմից։






































