Ինչպես հայտնել ենք, ՀՀ կառավարության աջակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական ամառային երաժշտական փառատոնը, որը նոր հարթակ է, որը միավորում է երիտասարդ երաժիշտներին, ստեղծագործական գաղափարներն ու երաժշտության շուրջ ձևավորվող համայնքը։
Մասնակից երաժշտական խմբերը հնարավորություն կունենան իրենց ստեղծագործությունները և կատարումները ներկայացնելու լայն լսարանին, իսկ լավագույնները կարժանանան մրցանակների 10 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով «Վարչաֆեստ»-ին ու հորդորելով երաժշտական երիտասարդ խմբերին, նոր ձևավորվող կամ դեռ չձևավորված խմբերին անպայման մասնակցել, ստեղծագործելու հաճույքը վայելել և հաջողություններ ունենալ։
Վարչապետը հիշեցրել է գրանցվելու համար անհրաժեշտ պայմանների մասին:
«Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք և գուցե ինքներդ էլ չգիտեք՝ որքան տաղանդավոր եք ու գուցե «Վարչաֆեստ»-ը հնարավորություն տա բացահայտվելու»,- ասել է վարչապետն ու հավելել, որ կհանդիպեն օգոստոսին Սևանի ափին:






































