ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը որոշել էր ԵԽԽՎ պատվիրակության ընդդիմադիր անդամի իր կարգավիճակում մի վերջին անգամ օգտվել «ռեսպուբլիկան խայտառակելու» հնարավորությունից։ Եվրոպական համայնքի առաջ Մամիջանյանն այս անգամ որոշել էր գանգատվել․․․ չէ, ոչ թե «Հայաստանում ապօրինի քրեական հետապնդման եթարկվողներից»՝ «քաղբանտարկյալներից», ոչ թե Լեռնային Ղարաբաղից ու այլ «սենտիմենտալ» թեմաներից, այլ, ուշադրություն, Հայաստանում կայացած ընտրություններից՝ կեղծ ցուցմունքներ տալով այդ թեմայով։ ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ ունեցած իր ելույթում Սերժ Սարգսյանի սանիկն առաջարկել է պատվիրակներին խաղ խաղալ՝ «ով է բռնապետը» պայմանական անվանումով։ Արդեն գլխի ընկաք, որ այդ Մամիջանյանի իմացած ու պատկերացրած բռնապետը ոչ թե սեփական քավորն է, այլ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը, ըստ երիտպատգամավորի, «զրկել է քաղաքացիներին իրենց հիմնարար իրավունքներից», որը «ձերբակալում է իր քաղաքական հակառակորդներին», «այլախոհներին՝ սեփական կարծիքն արտահայտողներին», «որն իրեն պահում է այնպես, կարծես միաժամանակ և՛ վարչապետ է, և՛ ոստիկանապետ, և՛ գլխավոր դատախազ ու նույնիսկ հավակնություններ ունի ղեկավարելու եկեղեցին»։ Մոլորության մեջ գտնվող ու ԵԽԽՎ պատվիրակներին մոլորության մեջ գցել փորձող «խաղավարն» այնուհետ մեջբերումներ է արել ԵԱՀԿ դիտորդական առաքելության նախնական զեկույցից՝ «ճնշում պետական աշխատողների վրա, օրենքի ընտրողական կիրառում, նախնական կալանքի չարաշահում, ոստիկանական բռնությունների անբավարար քննություն և դատական անկախության նվազեցում»։ «Հազարավոր ընտրողներ զրկվեցին ընտրելու իրենց իրավունքից, քանի որ ԱԺ ընտրությունների ժամանակ երեք ընտրատեղամասերի արդյունքներ պարզապես չեղյալ հայտարարվեցին։ Ոչ թե նշանակվեց վերաքվեարկություն, այլ ուղղակի չեղյալ հայտարարվեց՝ անգամ այն պարագայում, որ տվյալ ընտրատեղամասերում վերաքվեարկության անցկացումը հստակ իրավական պահանջ էր»,-եվրաչինովնիկների ուշադրությունը հրավիրելով խախտումների, իր ձևակերպմամբ, «մարգարիտի» վրա՝ աղաղակել է Մամիջանյանը՝ հավելելով. «Փաշինյանի վարչախումբը պարզապես անտեսեց օրենքի հստակ պահանջը։ Եվ սա կարևոր արձանագրում է, քանի որ այդ որոշման արդյունքում ընդամենը մի քանի հարյուր ձայնի պատճառով ընդդիմադիր կուսակցություններից մեկը չհաղթահարեց ընտրական շեմը՝ ձայներ, որոնք ուղղակի խլել են նրանցից։ Այս բոլոր խախտումները կատարվել են մի նպատակով, որպեսզի իշխող կուսակցությունը խորհրդարանում կարողանա ապահովել իր 3/5-րդ մեծամասնությունը։ ՀՀ-ում կայացած ընտրությունների գնահատականը չափազանց պարզ է՝ ՀՀ քաղաքացիների ձայները գողացվել են»։
Ծայրահեղ ցածր ռեյտինգի պատճառով համապետական ընտրություններին սեփական դեմքով մասնակցելուց խուսափած ՀՀԿ-ն՝ ի դեմս Մամիջանյանի, փաստորեն որոշել է ցինիզմի ու պատեհապաշտության նոր նշաձող սահմանել՝ ստանձնելով այն քաղաքական ուժի պաշտպանությունը, որին, հիշեցնենք, մեղադրում էր 2018-ի հեղափոխության, Նիկոլ Փաշինյանին վարչապետ դարձնելու ու այս ամենի հետևանքով «Հայաստանին պատուհասած» արհավիրքների, մասնավորապես Ղարաբաղի կորստի մեջ (Արմեն Աշոտյան, ականջդ կանչի)։ Խոսքն, անշուշտ, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ի մասին է, այն ԲՀԿ-ի, որի հետ ՀՀԿ-ն տարիներ շարունակ «պասերով» քաղաքական խաղ է խաղացել՝ կոալիցիա կազմելու տեսքով։ Կուսակցություն, որի ղեկավարը 2015-ին դուրս եկավ Սերժ Սարգսյանի դեմ, բայց օպերատիվ կերպով «փչացվեց»՝ որակվելով որպես «քաղաքական չարիք», 2017-ի ԱԺ ընտրություններից առաջ էլ «հետողորմյայի» արդյունքում նորից քաղաքական խաղի մեջ մտցվեց, սակայն․․․ «շաբաթն ուրբաթից շուտ եկավ»՝ տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը։
Այսուհանդերձ, ընտրությունների օրինականության, խախտումների հետ կապված հարցեր է արծարծում մի կուսակցության ներկայացուցիչ, որը նույնացվում է Հայաստանում ընտրակեղծիքների արատավոր, նողկալի մեքենան կատարելագործելու և իշխանությունը պերմանենտ ուզուրպացնելու, այն է՝ ժողովրդին պատկանող իշխանությունը ընտրակաշառքով ու այլ զազիր եղանակներով գողանալու մեջ։ Մամիջանյանին, արդ, հիշեցնենք մշտապես հիշեցվողը՝ ընտրությունների ժամանակ «ինչքան ուզես, էդքան խփեմ»-ը, բանաձև, որի հիման վրա էլ իր քաղաքական պատրոնի իշխանավարման օրոք մեջ-մեջ էին արվում քվեարկության արդյունքները, ընդ որում՝ այնպիսի համամասնությամբ, որ ՀՀԿ-ն և՛ «հաճույք ստանա», և՛ «կույս մնա»՝ յուրացնելով «ընտրական ավարի» առյուծի բաժինը՝ խորհրդարան անցած պսևդոառյուծների և կատվազգիների այլ ներկայացուցիչների հետ կոալիցիա կազմի՝ երկրի ապաշնորհ, մաֆիոզ՝ կլանա-օլիգարխիկ կառավարման պատասխանատվությունը կիսելու վերջիններիս հետ։ Մոտավորապես կոալիցիոն այսպիսի վարիացիաներով՝ ՀՀԿ+ԲՀԿ+ՀՅԴ կամ՝ ՀՀԿ+ԲՀԿ-ՀՅԴ, կամ էլ այսպես՝ ՀՀԿ-ԲՀԿ+ՀՅԴ․․․
Ընտրությունների արդյունքները սեփական աչքաչափով ու ախորժակով, այն է՝ընտրողների կամքի վրա թքած ունենալով, որոշած Սերժ Սարգսյանի կուսակիցը, փաստորեն, կարծում է, որ ԵԽԽՎ-ում «իրենց գեղից մարդ չկա», միջազգային հանրությունը ինստիտուցիոնալ հիշողություն չունեցող, «խոտ, յոնջա ուտող, տավար մեծացողների» հավաքականություն է, ուստի կարող է «արխային» այդ բարձր ամբիոնում «կույս ձևանալ» (քաղաքական առումով)՝ լինելով «կուրտիզանուհու» (դարձյալ քաղաքական առումով) համբավ ունեցող կուսակցության ներկայացուցիչ։ Մամիջանյանը անդամն է այն քաղաքական ուժի, որի լիդերը ՀՀ նախագահ է ընտրվել մասնավորապես 2008 թվականին տեղի ունեցած այլանդակ ընտրությունների արդյունքում, կեղծիքներով, բռնություններով, արյամբ ու 10 մարդու սպանությամբ ավարտված միջոցառում, որից հետո Հայաստանը հայտնվեց ու երկար ժամանակ գտնվում էր ԵԽԽՎ մոնիտորինգի ներքո։ Այդ կառույցն էլ 4 բանաձև (1609, 1620, 1643, 1677) է ընդունել՝ վերաբերող ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանն ու ճգնաժամի հաղթահարմանը։ Այս բանաձևերի հիմնական նպատակն էր ստիպել ՀՀ իշխանություններին վերացնել Մարտի 1-ի ողբերգության հետևանքները՝ մարդու իրավունքների ոլորտի խախտումները, ազատ արձակել իշխանությունների գործողությունները քննադատող անձանց, հետաքննել ու բացահայտել 10 սպանությունների հանգամանքները, բարեփոխել մի շարք օրենքներ։ Հատուկ մի մեջբերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից «բռնապետի, դիկտատորի» կերպար կերտել փորձող Մամիջանյանի համար․ «Վեհաժողովը դատապարտում է բազմաթիվ անձանց, այդ թվում`ընդդիմության ավելի քան հարյուր համախոհների և խորհրդարանի երեք անդամների ձերբակալումը և շարունակվող կալանավորումն այնպիսի մեղադրանքների հիման վրա, որոնց մի մասը առերևույթ արհեստական են և պայմանավորված են քաղաքական շարժառիթներով: Սա նշանակում է իշխանությունների կողմից ընդդիմության փաստացի հետապնդում»: Ահա ևս մեկը․ «Պետք է բացառել կամայական ձերբակալումները և կալանավորումները, ինչպես նաև կալանավորվածների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի երևույթները, հատկապես՝ ոստիկանությունում պահվելու ընթացքում»։ Չենք զլանա 1609 բանաձևից ևս մեկ դիտարկում մեջբերել․ «Ընտրական գործընթացն անհրաժեշտ է հիմնովին բարեփոխել՝ նպատակ հետապնդելով ապահովել, մասնավորապես՝ ընտրությունների կազմակերպման և անցկացման համար պատասխանատու մարմինների անկախությունը և ազատությունը որևէ քաղաքական ուժի հսկողությունից, ընտրական գործընթացի վարչարարության լիակատար թափանցիկությունը, հատկապես քվեաթերթիկների հաշվարկի և արդյունքների աղյուսակավորման գործընթացների առումով, բողոքարկման և գանգատարկման այնպիսի համակարգ, որում ընտրական գործընթացի մասնակիցները հնարավորինս լիարժեքորեն կկարողանան իրավական պաշտպանություն ստանալ ենթադրյալ ընտրախախտումների դեպքում, ինչպես նաև գործնականում հավասար հնարավորություններ երաշխավորել քաղաքական բոլոր ուժերին թե պաշտոնական քարոզարշավի ընթացքում, թե դրան նախորդող ժամանակահատվածում»:
Ի դեպ ԵԱՀԿ դիտորդական առաքելության նախնական զեկույցից կամընտրաբար, ըստ իր ճաշակի մեջբերումներ արած ՊՈՒ-ական պատգամավորը տեսնես ինչո՞ւ իր ելույթի տեքստում հղում չի արել նույն այդ զեկույցի հեղինակների դիտարկումներին՝ ընտրակաշառքի, սադրիչ հռետորաբանության, բևեռացված լրատվամիջոցների, արտաքին միջամտության, մասնավորապես Մոսկվայի՝ «աննախադեպ և մտահոգիչ մակարդակի հասած ճնշումների ու սպառնալիքների» առնչությամբ։ «Մենք անգամ լսեցինք, որ պարոն Պուտինը խոսեց հնարավոր ուկրաինական սցենարի մասին, այն դեպքում, եթե Հայաստանը շարունակի իր եվրոպական ուղին»։ Սա, ի դեպ, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Դամիեն Քոթիեի խոսքից մեջբերում է՝ հնչած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջազգային դիտորդական առաքելության կողմից հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ զեկույցի հրապարակման ժամանակ։
Միջազգային դիտորդների գնահատմամբ, ի դեպ, ընտրությունները, ընդհանուր առմամբ, խաղաղ էին, առանց միջադեպերի, ինչը ամուր հիմք է ժողովրդավարական ընտրությունների համար։
Հ.Գ. Ի դեպ, «ԵԽԽՎ», «Սերժ Սարգսյան», «խաղ» բառերի կոմբինացիան հայ հասարակությանը թերևս հիշեցնում է տարիներ առաջ՝ 2013-ին, եվրոպական հանրության առաջ տեղի ունեցած մի սկանդալ։ Հիշո՞ւմ եք՝ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիարկության անդամ Զարուհի Փոստանջյանը Վեհաժողովի նիստին ներկա Սերժ Սարգսյանին հիշեցրեց, թե ինչպես է նա ընտրվել ՀՀ նախագահ․ «Հայտնի է, որ դուք այստեղ հայտնվել եք ոչ թե հայ ժողովրդի կամքով, այլ կազմակերպված հանցագործության հետևանքով՝ փետրվարի 18-ի ընտրությունների ժամանակ հայ ժողովրդի քվեի գողության հետևանքով»։ Փոստանջյանն այնուհետ ոչ քաղաքական հարց հղեց Սարգսյանին, պատճառաբանելով՝ քանի որ նա չի ընտրվել հայ ժողովրդի կամքով, ուստի չի կարող քաղաքական հարցերի պատասխանել։ «Դուք վերջերս եղե՞լ եք Եվրոպայում՝ կազինոյում, քանի որ դուք հայտնի եք նաև որպես խաղամոլ, և այնտեղ կորցրե՞լ եք 70 միլիոն եվրո։ Ո՞վ է վճարել ձեր փոխարեն այդ կորցրած գումարի համար»։ Սերժ Սարգսյանը, բնականաբար, հերքեց իր՝ խաղամոլ լինելն ու կազինոյում 70 միլիոն կորցնելը, ապա հավելեց՝ այդքան գումար ունենալու դեպքում դրա մի մասը կնվիրեր Փոստանջյանին, որպեսզի վերջինս «կյանքից գոհ լիներ, ու այդքան չարություն նրա մեջ չկուտակվեր»։ Ակամա հարց ծագեց՝ որքա՞ն գումար է պետք իշխանությունից զրկված ու այդ փաստի հետ այդպես էլ չհամակերպվող ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանին ու մասնավորապես նրա սանիկին կյանքից գոհ լինելու ու իրենց՝ ՀՀ կառավարող ուժի (ժողովրդի տված քվեի արդյունքում իշխանություն ստանձնած) հանդեպ կուտակված չարությունը վերացնելու համար՝ 70, թե՞ 700 միլիոն եվրո։ Թվում է՝ մարդկությանը հայտնի ամենամեծ թիվը չափազանց փոքր է՝ այդ չարությունն ամբողջությամբ արտահայտելու և այն դրամական արտահայտության վերածելու համար։
Հեղինե Մանուկյան






































