Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Այս մասին հայտնում է վրացական գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Սուլխան Թամազաշվիլին երկկողմ հանդիպում կունենա Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ, ինչպես նաև պատվիրակության հետ միասին կայցելի Հայաստանի Հանրապետության ոստիկանական ստորաբաժանումներ և տեղում կծանոթանա դրանց գործունեությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են Թամազաշվիլիի հանդիպումները նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ։
Թամազաշվիլին Վրաստանի ՆԳՆ-ն գլխավորել է այս տարվա ապրիլին։ Այս պաշտոնում նա փոխարինել է Գելա Գելաձեին, որն էլ նշանակվել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար։






































