Այս պահին Թրիփ նախագիծն իրականացվում է Հայաստանի Հանրապետություն-Ամերիկայի Միացյալ Նահանգներ ձևաչափում, կնքվել է համաձայնագիր, ինչը հյիմա իրականացման փուլում է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 1–ին, Աժ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
Դիտարկմանը, որ ռուսական կողմը կասկածի տակ է դնում Թրիփի արդյունավետությունը առանց Ռուսաստանի մասնակցության, արդյոք պաշտոնական Երևանի համար որևէ ձևաչափով ընդունելի կարող է լինել Թրիփում Մոսկվայի ներգրավվածությունը, փոխնախարարն ասաց. «Չէի ուզի ինչ-որ սպեկուլյացիաներ անել՝ այս պահին ապագայի մասին ինչ-որ բաներ ասելով։ Կարծում եմ՝ չարժի»։
Հարցին՝ Թրիփի իրականացման դեպքում դա իրականացվելու է ԵԱՏՄ կանոններին համապատասխա՞ն, Սաֆարյանը դրական պատասխան տվեց՝ նշելով. «Այս պահին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է և ԵԱՏՄ–ի տարանցման կանոնները գործում են։
ԵԱՏՄ-ի մաքսային կարգավորումները մեր մաքսային մարմիններն են իրականացնում, այնպես որ մենք այդտեղ հարց չենք տեսնում։ Այս փուլում որևէ հարց չի ծագում»։






































