Reuters. ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինծառայող է ուղարկել Վենեսուելա

ԱՄՆ-ն Վենեսուելայում տեղակայել է ավելի քան 900 զինծառայող՝ երկրաշարժի հետևանքների հաղթահարմանն աջակցություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ ԶՈւ Հարավային հրամանատարության ղեկավար գեներալ Ֆրենսիս Դոնովանին։

Ինչպես նշվում է, ևս մոտ 800 զինծառայող գտնվում է Կյուրասաոյում և Պուերտո Ռիկոյում, ինչպես նաև ԱՄՆ ԶՈւ-ն տեղեկատվություն հավաքելու և ստեղծված իրավիճակի ավելի ամբողջական պատկեր կազմելու համար ներգրավել է MQ-9 Reaper տեսակի չորսից հինգ հետախուզական անօդաչու սարք։ «Մենք օգտագործում ենք որոշ գործիքներ, որոնց կարող էինք դիմել [Արևմտյան] կիսագնդում սպառնալիքները հետևելու համար, սակայն այժմ դրանց օգնությամբ հետևում ենք, որպեսզի ճանապարհներով հնարավոր լինի տեղաշարժվել, և պարզում ենք վնասված շենքերի գտնվելու վայրը»,- ասել է Դոնովանը։

Նա նշել է, որ ամերիկացի զինվորականները բոլիվարյան հանրապետություն են տեղափոխվել բացառապես երկրաշարժի հետ կապված օգնություն ցուցաբերելու համար և չեն պատրաստվում երկարատև տեղակայման։ «Խոսքը մնալու մասին չէ։ Մենք դա անում ենք [օգնություն ցուցաբերելու գործողությունների] շրջանակում,- հայտարարել է Դոնովանը։- Երբ մեր աշխատանքն ավարտվում է, մենք հեռանում ենք»։

Երկրաշարժը Վենեսուելայում տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան։ Մոտ 40 վայրկյան տարբերությամբ գրանցվել է ստորգետնյա ցնցումների երկու շարք՝ 7,2-ից 7,5 մագնիտուդ ուժգնությամբ։ Դրանց էպիկենտրոնները գտնվում էին միմյանցից 10 կմ հեռավորության վրա՝ Վենեսուելայի Յարակույ նահանգում։ Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ տարերային աղետի հետևանքով զոհվել է 1 943 մարդ, վիրավորվել՝ 10 571 մարդ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031