Ավստրիական Զալցբուրգում սկսել է գործել քաղաքի պատմական հատված ավտոմեքենաների մուտքի ամառային արգելքը։ Միջոցառումը ներդրվել է հուլիս և օգոստոս ամիսների համար և ուղղված է տրանսպորտային ծանրաբեռնվածության նվազեցմանը՝ զբոսաշրջության աճի պայմաններում, գրում է The Guardian-ը։
Ավստրիայի չորրորդ ամենամեծ համայնք հանդիսացող քաղաքի իշխանությունները հայտարարել են, որ ակնկալում են կրճատել ավտոմեքենաների մուտքերի քանակը օրական մոտ 1000-ով։ Ծրագիրը ստացել է «քիչ երթևեկություն- շատ քաղաք» անվանումը։
Սահմանափակումների շրջանակում ուժեղացվել է կայանատեղիների համակարգը. զբոսաշրջիկներին առաջարկվում է 7,50 եվրո արժողությամբ օրական տոմս, որը ներառում է հասարակական տրանսպորտի ուղևորություն մինչև հինգ հոգուց բաղկացած խմբի համար։
Քաղաքապետ Բերնհարդ Աուինգերն ավելի վաղ հայտարարել էր, որ միջոցառումներն ուղղված են նախևառաջ այլ տարածաշրջաններից ավտոմեքենաներով ժամանող զբոսաշրջիկների դեմ։
«Մենք չենք ցանկանում քաոսային տրանսպորտային իրավիճակներ, ինչպես անցյալ տարի»,- նշել է նա։
Ըտս նրա՝ կենտրոնի բնակիչները և ծառայողական տրանսպորտը չեն տուժի, իսկ իրենք՝ զբոսաշրջիկները, կշահեն խցանումների նվազումից և ավելի հարմարավետ տեղաշարժից։
Սահմանափակումների պահպանման վերահսկողությունն իրականացնում է ոստիկանությունը։ Խախտման համար նախատեսված են մինչև 80 եվրո տուգանքներ այն ավտոմեքենաների համար, որոնք ունեն Զալցբուրգի տարածաշրջանից դուրս պետհամարանիշներ և մուտք են գործում հին քաղաքի գոտի՝ Շտաատսբրյուկե կամրջի շրջակայքում։
Բացառություններ են գործում տեղի բնակիչների, առաքումների, տաքսիների, վարձակալված ավտոմեքենաների, հաստատված ամրագրում ունեցող հյուրանոցների հյուրերի, ինչպես նաև Բավարիայի որոշ հարևան շրջանների համար։
Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ Զալցբուրգի քաղաքականությունը կրկնում է եվրոպական այլ քաղաքների, ներառյալ՝ Հռոմի, Ֆլորենցիայի, Պիզայի և Դուբրովնիկի փորձը, որտեղ արդեն իսկ պատմական կենտրոններ տրանսպորտի մուտքի սահմանափակումներ են գործում։
Զալցբուրգը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, ունի շուրջ 158 հազար բնակիչ և տարեկան ընդունում է զբոսաշրջիկների ավելի քան 3 միլիոն գիշերակաց։






































