Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը

ՀՀ ԱԺ հունիսի 17-ին գումարված հերթական նիստում քննարկվել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխությունների նոր փաթեթ, որի նպատակն է կատարելագործել ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման արդեն գործող համակարգը:

Հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը նշել է, որ նախագիծը միտված է հստակեցնել եւ կարգավորել այն մեխանիզմները, որոնցով ՀՀ հարկային մարմինն օտարերկրյա գործընկերներից ստանում է ՀՀ ռեզիդենտների բանկային հաշիվների վերաբերյալ տվյալներ, ինչպես նաեւ փոխադարձաբար տրամադրում համապատասխան տեղեկատվություն:

Ռաֆայել Գեւորգյանի խոսքով օրենսդրական փոփոխություններով հստակեցվում են մի շարք, այդ թվում՝ «հաշվետու հաշիվ» եւ «հաշվետու ֆինանսական կազմակերպություն» հասկացությունները, որոնք այժմ ներառում են ոչ միայն բանկերը, այլեւ ներդրումային ֆոնդերն ու այլ ֆինանսական ծառայություններ մատուցող կառույցները:

Բացի այդ, ըստ նրա, նախատեսվում են ընթացակարգային փոփոխություններ, որոնց շրջանակում հաշվետու ֆինանսական հաստատություններում կիրականացվեն թեմատիկ հարկային ստուգումներ՝ ուղղված ֆինանսական հաշիվների տվյալների համապատասխանության ու ճշտության ստուգմանը:

Զեկուցողն ընդգծել է, որ Հայաստանը միջազգային կոնվենցիայի շրջանակում ֆինանսական տեղեկատվության փոխանակումն իրականացնում է արդեն մեկ տարի, եւ անցյալ տարի հայկական կողմը տվյալներ է փոխանակել ավելի քան 40 երկրների հետ՝ փոխադարձության սկզբունքով, նպատակ ունենալով հետագայում ընդլայնել այս ցանկը՝ ներգրավելով կոնվենցիային անդամակցող բոլոր պետություններին:

Նախագծով նաեւ սահմանվում են այն հետեւանքները, որոնք կարող են կիրառվել ֆինանսական հաստատությունների նկատմամբ խախտումներ հայտնաբերելու դեպքում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ալեքսանդր Ավետիսյանը:

Հարցը քննարկվել է առաջին ընթերցմամբ:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930