Ֆիլիպինների ափերի մոտ հայտնաբերվել են ճապոնական բանտային նավի մնացորդները, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորտակվել էր ավելի քան հազար դաշնակից ռազմագերիների հետ միասին։ Խոսքը «Հոֆուկու Մարու» նավի մասին է՝ ճապոնական տխրահռչակ «դժոխքի նավերից» մեկի, որոնք օգտագործվում էին գերիներին հարկադիր աշխատանքի ճամբարների միջև տեղափոխելու համար, գրում է Live Science-ը։
Հայտնագործությունն արել է միջազգային հետազոտական խումբը՝ ամերիկացի հեռուստահաղորդավար և հետազոտող Ջոշ Գեյթսի ղեկավարությամբ, «Դժոխքի նավերի» հիշատակի հիմնադրամի հետ համատեղ։
Նավի գտնվելու վայրը ավելի քան 80 տարի անհայտ էր մնում։ Հետազոտողների խոսքով՝ նախորդ որոնումները հիմնվում էին ամերիկյան ռազմական ոչ ճշգրիտ փաստաթղթերի վրա, որոնք վթարի սխալ շրջան էին նշում։ Միայն ճապոնական արխիվների ուսումնասիրությունից հետո հաջողվեց որոշել ավելի ճշգրիտ կոորդինատները։
Բեկորները հայտնաբերվել են հունվարին Լուսոն կղզու արևմտյան ափի մոտ՝ մոտ 50 մետր խորության վրա։ Այդ ժամանակվանից թիմն արդեն հինգ սուզում է իրականացրել աղետի վայրում։
Հիդրոլոկատորի և հեռակառավարվող ստորջրյա սարքի օգնությամբ գիտնականները կազմել են օբյեկտի մանրամասն քարտեզը և հաստատել, որ նավն իսկապես բաժանվել է մի քանի մասի. հենց այդպես էլ նրա կործանումը նկարագրում էին ականատեսները։
«Հոֆուկու Մարուն» սկզբում բեռնատար նավ էր, սակայն պատերազմի ժամանակ վերածվել էր լողացող բանտի։ 1944 թվականի սեպտեմբերին նավը ճապոնական այն շարասյան կազմում էր, որն ուղևորվում էր Ֆիլիպիններից Ճապոնիա։ Սեպտեմբերի 21-ին ամերիկյան ավիացիան հարձակվեց շարասյան վրա՝ այն համարելով օրինական ռազմական թիրախ։ Տորպեդներից մեկը հարվածեց «Հոֆուկու Մարուին» և բառացիորեն երկուսի բաժանեց նավը։
Ողբերգությունն այն էր, որ նավի վրա գտնվում էին շուրջ 1200 դաշնակից ռազմագերիներ՝ հիմնականում բրիտանացի և հոլանդացի զինվորներ։
Նրանցից շատերը նախկինում հարկադրված էին աշխատել տխրահռչակ Բիրմա-Թաիլանդ երկաթուղու շինարարության վրա, որը հայտնի էր «Մահվան երկաթուղի» անունով։ Ոմանց հաջողվել էր վթարից հետո լողալ մինչև ափ, սակայն ճապոնացի զինվորականները նրանց կրկին գերի էին վերցրել։ Հետազոտողների գնահատմամբ՝ նավի խորտակման ժամանակ մահացել է մոտ 1040 մարդ։
Ճապոնիան օգտագործել է ավելի քան 130 նման «դժոխքի նավ»՝ ռազմագերիներին աշխատանքային ճամբարների միջև տեղափոխելու համար։ Այդ նավերի պայմանները սարսափելի էին. օդի, ջրի, սննդի և բժշկական օգնության պակասը հանգեցնում էր մահացության բարձր մակարդակի դեռևս մինչև նշանակման վայր հասնելը։
Չնայած 1929 թվականի Ժնևի կոնվենցիայի դրույթներին, որոնք սահմանափակում էին ռազմագերիների օգտագործումը որպես աշխատուժ, հազարավոր գերիներ ուղարկվել են ծանր աշխատանքի՝ երկաթուղիներում, հանքերում, նավահանգիստներում և արդյունաբերական ձեռնարկություններում։
Խորտակված նավի հետազոտման ընթացքում հայտնաբերվել են մարդկային աճյուններ։ Այդ պատճառով կործանման վայրը պաշտոնապես կդիտարկվի որպես ռազմական գերեզմանատեղի։ Միջազգային նորմերը նախատեսում են նման օբյեկտների հատուկ պաշտպանություն և արգելում են դրանք անհանգստացնել։
Այժմ «Դժոխքի նավերի» հիշատակի հիմնադրամը մտադիր է զբաղվել զոհվածների հարազատների որոնմամբ, որպեսզի ողբերգությունից տասնամյակներ անց վերականգնի Խաղաղ օվկիանոսում պատերազմի ամենամռայլ խորհրդանիշներից մեկի վրա զոհված մարդկանց ճակատագրերը։






































