Ներկայացվել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հունիսի 9-10-ը մասնակցել է Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսին և համաժողովին։ Միջոցառման գլխավոր հովանավորներից է IN Groupe ֆրանսիական ընկերությունը՝ Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման ՊՄԳ ծրագրի մասնավոր գործընկերը։ Այդ մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:

Ամենամյա միջազգային ցուցահանդեսում ներկայացվում են ոլորտի նորագույն տեխնոլոգիաները, նորարարական լուծումները, ցուցադրվում են նոր արտադրանքներ՝ առաջատար փորձառությամբ և կիբերանվտանգ նույնականացման լուծումների հաշվառմամբ։
Համաժողովում ներկայացվել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և IN Groupe ընկերության համագործակցության շրջանակում իրականացվող պետական-մասնավոր գործընկերության ծրագիրը։

Մասնավորապես ներկայացվել են՝
ՊՄԳ մոդելի իրականացման գործընթացը և գործընկերության հիմնական ուղղությունները,
նոր սերնդի նույնականացման քարտերի և կենսաչափական փաստաթղթերի ներդրման մոտեցումները,
կենսաչափական տվյալների կիրառման և փաստաթղթերի տրամադրման գործընթացները,
թվային ինքնության ենթակառուցվածքների զարգացման և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությունները։
Համաժողովի շրջանակում, մասնավորապես, ուսումնասիրվել են թվային ինքնության նոր ենթակառուցվածքների ու բազմակենսաչափական տեխնոլոգիաների, սահմանային կառավարման և տվյալների անվտանգության ոլորտներում միջազգային փորձն ու նորարարական լուծումները։

ՆԳՆ պատվիրակությունը մասնակցել է AI Governance Architecture թեմայով ներկայացմանն ու AI & Cybersecurity թեմայով պանելային քննարկմանը, որոնց ընթացքում քննարկվել են արհեստական բանականության կառավարման մեխանիզմներին, տվյալների պաշտպանության, կիբերանվտանգության և նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին վերաբերող հարցեր։

ՄՔԾ պետ Նելլի Դավթյանը և IN Groupe ընկերության ներկայացուցիչ Նատալիա Գոգոբերիշվիլին ներկայացրել են ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը։ Ցուցադրվել են փաստաթղթերի անվտանգային բաղադրիչներն ու գեղարվեստական լուծումները։

Նելլի Դավթյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի կայանալիք Identity Week Europe 2027 համաժողովում հնարավոր կլինի արձանագրել, որ կուտակված փորձը վերածվել է հաջողության պատմության, իսկ պետական-մասնավոր գործընկերության մոդելը հաջողությամբ ներդրվել է Հայաստանում՝ ճանապարհ հարթելով նմանատիպ այլ ծրագրերի իրականացման համար։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930