Ընտրություններում հաղթելու դեպքում Թաթոյանը կշարունակի Բաքվի հետ խաղաղության օրակարգը և TRIPP նախագիծը

Հայաստանի նախկին օմբուդսմեն, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը մարտի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է 6 կետ, որոնք ըստ նրա խաղաղություն կապահովեն երկրի համար՝ ընտրություններում իր հաղթանակի դեպքում։

Նրա խոսքով՝ իշխանության գալուց հետո առաջին իսկ օրը ստեղծված հանձնաժողովը կմշակի հստակ անվտանգության ծրագիր։ Առաջին տարվա վերջում կմշակվի զսպման մեթոդաբանություն, որը թույլ կտա ուժերի հավասարակշռության հասնել առաջին ժամկետի վերջում՝ միաժամանակ բարեփոխելով և ամրապնդելով բանակը։ Երրորդ քայլը կլինի անվտանգության մեջ ներդրումներ կատարելը։ Օրենսդրորեն սահմանելով, որ բանակի ֆինանսավորումը չի կարող լինել ՀՆԱ-ի 8 տոկոսից պակաս, բանակի բյուջեն կավելանա 1 միլիարդ դոլարով, որի կեսը կհատկացվի ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը։ Հաջորդ քայլը կլինի համապարփակ անվտանգության համակարգի ստեղծումը, որպեսզի ճգնաժամի ժամանակ և՛ պետական, և՛ մասնավոր հատվածները, ինչպես նաև քաղաքացիները հստակ հասկանան իրենց դերը։ Հինգերորդ քայլը կլինի քառօրյա և 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցների հրապարակումը, քանի որ հանրային հարցերին պետք է պատասխան տրվի։ Վեցերորդ քայլը կլինի խելացի սահմանների և թվային պաշտպանության ստեղծումը՝ շեշտը դնելով եռաշերտ համակարգի վրա՝ վաղ նախազգուշացման հետախուզություն, իրական նախազգուշացում և արագ արձագանք։ Նախատեսվում է համագործակցություն Արևելքի և Արևմուտքի, առաջին հերթին՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտասահմանյան գործընկերների և բանակների հետ, ինչպես նաև համագործակցություն սփյուռքի հետ։

Թաթոյանն ընդգծել է, որ Փաշինյանը պարտավոր էր այս ամենն անել 2020 թ. նոյեմբերից հետո, սակայն ձախողել է։ Դրա պատճառները Թաթոյանը տեսնում է իշխանությունների՝ «ռազմավարական տկարություն» ապահովելու ձգտման մեջ։ «Ադրբեջանը զիջումներն ու փոխզիջումները որպես առիթ է դիտարկում նոր ագրեսիայի համար»,- նշել է Թաթոյանը՝ հավելելով, որ ասվածի լավագույն ապացույցը Սյունիքի վրա նախապատրաստվող հարձակումն էր, որը հաջողվել է կանխել TRIPP նախագծի շնորհիվ։ Ըստ Թաթոյանի՝ իշխանությունները գիտակցաբար ոչինչ չեն արել, որպեսզի հիմա պատերազմով սպառնան

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հաղթանակի դեպքում կշարունակի Փաշինյանի քաղաքականությունը՝ Թաթոյանը հայտնել է, որ եթե Ալիևը ստորագրի խաղաղության պայմանագիրը, մենք նույնպես կստորագրենք։ «TRIPP-ն ապահովում է խաղաղություն… Մենք կշարունակենք այն կետից, որտեղ կկանգնի այս իշխանության քաղաքականությունը, մենք չենք ասում, թե քաղաքականությունը զրոյից ենք վարելու։ Բայց մենք ասում ենք, որ մեզ համար խաղաղության հիմքը հզոր բանակն է»,- նշել է Թաթոյանը՝ մեջբերելով Երևանում ԱՄՆ փոխնախագահ Վենսի ասած խոսքերը. «Խաղաղությունն ապահովելու լավագույն մեթոդը զսպման իրական գործիքներ ունենալն է՝ լավագույն տեխնոլոգիաների կիրառմամբ»։ «Իսկ Փաշինյանը հայտարարում է, թե բանակը երկրորդական է և նշանակություն չունի»,- նկատել է Թաթոյանը։

Սահմանադրության փոփոխության վերաբերյալ քաղաքական գործիչն այն կարծիքին է, որ դա իշխանությունների կողմից լարված թակարդ է, և հարցը թելադրված է Ալիևի կողմից։ Թակարդն այն է, որ Փաշինյանի համար դրական արդյունքը կնշանակի նոր նվաստացում, իսկ բացասականը՝ հայ ժողովրդին կներկայացնի իբր խաղաղություն չցանկացողի դերում։ Այս առնչությամբ Թաթոյանն ընդգծել է Արցախ հավաքական վերադարձի հարցի կարևորությունը։ Քաղաքական գործիչը նաև փաստել է, որ Անկախության հռչակագիրը որևէ առնչություն չունի հենց Փաշինյանի հորինած «տարածքային հավակնությունների» թեզի հետ։

Միևնույն ժամանակ Թաթոյանը հավաստիացրել է, որ քաղաքականության շարունակականությունը ամենևին չի տարածվում պատմության և ինքնության ժխտման վրա, ինչպես դա անում են իշխանությունները։

Այլ քաղաքական ուժերի հետ «Միասնության թևերը» պատրաստ են համագործակցել՝ նպատակ ունենալով թույլ չտալ Փաշինյանի վերընտրվելը։ Այլ ուժերի հետ բանակցությունները շարունակվում են, նշել է Թաթոյանը:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031