Աշխարհի խոշորագույն ավիակիր USS Gerald R. Ford-ը, սպասվում է, որ երկուշաբթի կհանգրվանի Իսրայելի ափերի մոտ և կմտնի Հայֆայի նավահանգիստ՝ դառնալով Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական ներկայության վերջին բաղադրիչը, քանի որ Թել Ավիվը և Վաշինգտոնը պատրաստվում են Իրանի հետ հնարավոր հակամարտությանը։
Տարածաշրջանում ԱՄՆ ներկայության ուժեղացման շրջանակում, նաև լցանավեր և տրանսպորտային ինքնաթիռներ են ժամանել՝ լոգիստիկա և մատակարարումներ ապահովելու համար։ Ford-ի ավիակիրների հարվածային խումբը, որը պաշտոնապես հայտնի է որպես Carrier Strike Group 12, մտել է Միջերկրական ծով՝ Ջիբրալթարի նեղուցով անցնելուց հետո։ Հայֆայում կառանման ճշգրիտ ժամանակը դեռևս պաշտոնապես հաստատված չէ, գրում է Jerusalem Post-ը։
Հայֆան վնասվել է անցյալ տարվա հունիսին Իրանի հարձակման ժամանակ, երբ հրթիռները վնասել են բնակելի և քաղաքային շենքերը, ինչպես նաև երկրի խոշորագույն նավթավերամշակման գործարանը, ինչը հանգեցրել է ոչ էական օբյեկտների մասնակի ժամանակավոր փակմանը։ Հայֆայի նավահանգիստը նաև հիմնական թիրախներից մեկն էր, որոնց Իրանը նախկինում սպառնացել էր հարվածել։
Ավելի քան 40 հազար ամերիկացի զինվորներ արդեն տեղակայված են տարածաշրջանում, և ավիակիրի ժամանումը լրացուցիչ ուժերի թիվը կավելացնի մի քանի հազարով։
Իսրայելում ռազմական ներկայության ավելացումից բացի, Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը տասնյակ ոչ էական անձնակազմի տարհանեց Ռաֆիկ Հարիրիի միջազգային օդանավակայանի միջոցով, ինչը որակեց որպես «կանխարգելիչ միջոց՝ պայմանավորված տարածաշրջանային զարգացումների սպասմամբ»։






































