Մարդու իրավունքները վտանգված են ամբողջ աշխարհում․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Մարդու իրավունքները խախտվում են ամբողջ աշխարհում, զգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ նշելով միջազգային իրավունքի լայնածավալ խախտումները և Սուդանում, Գազայում և Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտությունների ժամանակ տուժած քաղաքացիական բնակչության տառապանքները։

«Ուժի իշխանությունը դուրս է մղում օրենքի գերակայությունը», — ասել է Գուտերեշը Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի բացման ժամանակ ունեցած իր ելույթում։ «Ամբողջ աշխարհում մարդու իրավունքները գիտակցաբար և ռազմավարական կերպով հետին պլան են մղվում, իսկ երբեմն դրանով նույնիսկ հպարտանում են», — հավելել է նա։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը նշել է, որ աշխարհը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր բախվում է իշխանության և ռեսուրսների համար ամենաինտենսիվ պայքարին, որն ուղեկցվում է մարդու իրավունքների համատարած խախտումներով։ Նա միացել է Գուտերեշի՝ Սուդանում, Գազայում, Մյանմայում և Ուկրաինայում հակամարտությունների ժամանակ խախտումները դադարեցնելու կոչին։

Գուտերեշը նաև ուշադրություն է հրավիրել ֆինանսավորման կրիտիկական պակասի վրա: ՄԱԿ-ի գլխավոր դոնորը՝ ԱՄՆ-ն, ընդամենը 160 միլիոն դոլար է փոխանցել կազմակերպությանը հասանելիք ավելի քան 4 միլիարդից: «Հումանիտար կարիքներն աճում են, մինչդեռ ֆինանսավորումը կրճատվում է», — ընդգծել է գլխավոր քարտուղարը:

Միջոցների սղությունը խոչընդոտել է 2025 թվականին մեկնարկած երկու հետաքննչական գործընթացների սկսմանը. մեկը՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հնարավոր ռազմական հանցագործությունների վերաբերյալ, մյուսը՝ Աֆղանստանում իրավունքների խախտումների վերաբերյալ:

Գուտերեշը նաև հայտարարել է, որ պաղեստինյան օկուպացված տարածքներում միջազգային իրավունքի ակնհայտ խախտումները սպառնում են Պաղեստինյան պետության գոյությանը: «Երկու պետությունների սկզբունքի վրա հիմնված լուծումը ոչնչացվում է ամբողջ աշխարհի աչքի առաջ: Միջազգային հանրությունը չի կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա», — ասել է նա:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728