ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով մեկ տարով երկարաձգվում են իր նախորդի՝ Ռուսաստանի դեմ Ջո Բայդենի սահմանած պատժամիջոցները: Փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում:
Հրամանագրում նշվում է, որ երկարաձգումը կապված է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ:
Սա առաջին դեպքը չէ, որ Թրամփը երկարաձգում է հակառուսական սահմանափակումները: Իր նախագահության սկզբում նա մեկ տարով երկարաձգեց Ռուսաստանի դրոշի ներքո նավարկող կամ Ռուսաստանի հետ ինչ-որ կերպ կապված նավերի ԱՄՆ նավահանգիստներ մուտք գործելու արգելքը: Այդ արգելքը սկզբնապես սահմանվել էր 2022 թվականի ապրիլի 21-ին:
«Ես մեկ տարով երկարաձգում եմ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ազգային արտակարգ դրությունը (…) և ԱՄՆ նավահանգիստներում ռուսական նավերի կայանատեղիի և տեղաշարժի կարգավորման լիազորությունները»,- նշված է հրամանագրում:
2025 թվականի վերջին ԵՄ խորհուրդը հայտարարեց վերջին 11 տարիների ընթացքում կիրառված բոլոր հակառուսական պատժամիջոցների վեցամսյա երկարաձգման մասին: Եվրոպական Միության պատժամիջոցներն առաջին անգամ մտցվել են 2014 թվականին՝ Ուկրաինայի իրադարձությունների պատճառով, և զգալիորեն ընդլայնվել են 2022 թվականին։ Երկարաձգումը՝ մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը, տարածվում է գործող սահմանափակումների բոլոր 19 փաթեթների վրա։






































